Ավետիսյանի կինը վստահ է, որ ամուսնուն ձերբակալելու պատճառը բողոքի ակցիաներն են
Դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորված ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի կինը՝ Մարգարիտա Բաղրամյան, «Ազատություն» ռադիոկայանին ասել է, թե իր ամուսինը չի ընդունում առաջադրված մեղադրանքը: «Ասել է՝ ես էդ մարդը չեմ, ես կաշառակեր չեմ»,- ռադիոկայանի հետ զրույցում ամուսնու՝ հեռախոսով իրեն ասածը փոխանցել է Մարգարիտան:
Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը գնդապետին մեղադրում է «խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով քաղաքացի Հ. Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով» հիշյալ քաղաքացուց 2 հազար դոլար հափշտակելու մեջ: Այս մեղադրանքը նախատեսում է տուգանք կամ ազատազրկում 2-ից 6 տարով:
«Ինքը ո՛չ կաշառակեր է եղել, ո՛չ էլ էն: Ինքը հասնող է եղել․ բոլորին օգնել է, ով մոտեցել է, ամեն հարցում օգնել է»,- պնդել է Ավետիսյանի կինը: Նա փոխանցել է նաև, թե չի կասկածում, որ ամուսնու ձերբակալությունը կապված է բողոքի ակցիաների հետ, և հավելել է․
«Բայց ինքը պայքարի մեջ է: Իր ընկերները, դուք տեսնում եք, պայքարում են»: «Կաշառակեր մարդու տունն այսպե՞ս կլինի», – վերանորոգման կարոտ պատերն ու համեստ կահ-կարասին մատնացույց անելով՝ հուզված փոխանցեԼ է տիկին Մարգարիտան, ով այժմ ստիպված է միայնակ խնամել իր վեց երեխաներին և ամուսնու թոշակառու մորը: «Իր (Վոլոդյա Ավետիսյանի) թոշակով ենք մենք յոլա գնացել: Իր թոշակը շատ քիչ է, չի բավարարում ընտանիքը պահելու համար»,- հավելել է նա՝ հույս հայտնելով, որ ամուսնում ազատ կարձակեն:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: