Բաժիններ՝

Հայաստանի զուտ ներդրումային դիրքը բացասական է

2012 թվականի վերջի դրությամբ Հայաստանի զուտ ներդրումային դիրքը, ինչպես նախորդ տարիներին, բացասական է և կազմել է 6908.9 մլն դոլար՝ նախորդ տարվա վերջի համեմատ աճելով 190.4 մլն դոլարով: Ընդ որում, ակտիվներն ավելացել են 52.2 մլն դոլարով, իսկ պարտավորությունները՝ 242.6 մլն դոլարով:

Ըստ ներդրումային դիրքի՝ Կառավարության կողմից ներգրավված վարկերի գծով պարտավորությունները 2012 թվականի վերջի դրությամբ կազմել են 3157.5 մլն դոլար, իսկ ԿԲ վարկերի գծով պարտավորությունները՝ 596.1 մլն դոլար: 2012 թվականին միջազգային ներդրումային դիրքում առևտրային բանկերի կողմից ներգրավված վարկերն ավելացել են մոտ 305.8 մլն դոլարով: Ընդհանուր պարտավորությունների շուրջ 3889.5 մլն դոլարը (33.0%) կազմել են պետության պարտավորությունները, իսկ մնացած 7906.4 մլն դոլարը (67.0 %)՝ մասնավոր հատվածինը (ներառյալ՝ ավանդային կազմակերպությունները), որի մեջ զգալի են ուղղակի ներդրումները (64.3 %):

ԿԲ բանբերի համաձայն՝ ՀՀ մասնավոր հատվածի կողմից տնօրինվող կանխիկ արտարժութային միջոցները և ավանդները, ըստ ՀՀ միջազգային ներդրումային դիրքի, կազմել են 2100.1 մլն դոլար՝ նախորդ տարվա համեմատ ավելացել են 102.7 մլն դոլարով:

Նշենք, որ միջազգային ներդրումային դիրքն արտացոլում է նախկինում իրականացված բոլոր տնտեսական գործառնությունների արդյունքում արտաքին աշխարհի նկատմամբ ձևավորված երկրի ֆինանսական ակտիվներն ու պարտավորությունները ժամանակի որոշակի պահի դրությամբ: Հայաստանի միջազգային ներդրումային դիրքը կազմվում է 1998 թվականից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս