Յանուկովիչը հաստատել է ՆԱՏՕ-ի հակածովահենային գործողություններին Ուկրաինայի մասնակցությունը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը ստորագրել է Ուկրաինայի ու ՆԱՏՕ-ի միջև համաձայնագրի վավերացման մասին օրենքը՝ կապված Ocean Shield (Օվկիանոսային վահան) հակածովահենային օպերացիային ուկրաինական կողմի մասնակցելու հետ:
Այս մասին նշված է Ուկրաինայի ղեկավարի կայքում: Գերագույն ռադան այդ համաձայնագիրը վավերացրել էր սեպտեմբերի 19-ին: Համաձայնագիրը նախատեսում է, որ Կիևն աջակցելու է այդ գործողությանը՝ դրան ուղարկելով «Հետման Սագայդաչնի» ֆրեգատ՝ «Կա-27» ուղղաթիռով և հատուկջոկատայինների խմբով:
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ֆրեգատն այսօր դուրս է գալու Սևաստոպոլի նավահանգստից՝ Սոմալիի ափերի մոտ «Օվկիանոսային վահան» և «Ատալանտա» գործողություններին մասնակցելու համար: