Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը Սերժ Սարգսյանին

Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Ուղերձում ասված է.

«Մեծարգո Սերժ Ազատի,
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ եւ համայն հայությանը` Անկախության տոնի առթիվ:

22 տարի առաջ մեր ժողովուրդը կայացրեց պատմական որոշում, որն արմատապես փոխեց նրա հետագա զարգացման ընթացքը: Վերջապես վերականգնվեց հայոց անկախ պետականությունը, որը դարեր շարունակ թվում էր անիրականանալի, վերականգնվեց սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու, իր հողում իր երկիրը սեփական ձեռքերով կառուցելու հայի իրավունքը: Դա վճռորոշ քայլ էր, որի ճշմարտացիությունն ու անխուսափելիությունն ապացուցվել է այս բոլոր տարիների ընթացքում:

Հայաստանի Հանրապետությունն այսօր առաջ է ընթանում հաստատուն քայլերով` իրականացնելով տարբեր ծրագրեր` ուղղված ժողովրդի անվտանգության ապահովմանն ու պաշտպանունակության ամրապնդմանը, մարդկանց սոցիալ-տնտեսական եւ կենցաղային պայմանների բարելավմանը: Ես ավելի քան վստահ եմ, որ համատեղ ջանքերով, Հայաստան-Արցախ-Սփյուռք կուռ եռամիասնության շնորհիվ հայ ժողովուրդը կարձանագրի նոր ձեռքբերումներ ու կհասնի ազգային նպատակների իրագործմանը:

Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ ու մեր բոլոր հայրենակիցներին պետական տոնի առթիվ եւ մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք` ի փառս Մայր Հայաստանի զորացման ու բարգավաճման»:

Տեսանյութեր

Լրահոս