Բաժիններ՝

«Փափուկ բարձ» նաիրիտցիների համար. Նախարարը խոստացել է երեքշաբթի աշխատավարձ տալ

Այսօր առավոտյան «Նաիրիտի» աշխատակիցների երթը դեպի ՀՀ նախագահի նստավայր կանխվել է. արհկոմի ղեկավար Հրաչ Թադևոսյանը գործարանի մի քանի աշխատակիցների հետ ընդունելության է գնացել էներգետիկայի և բնական պաշրների նախարար Արմեն Մովսիսյանի մոտ: Ինչպես 168.am-ին հայտնեց Հ. Թադևոսյանը, Մովսիսյանը վստահեցրել է, թե երեքշաբթի օրը 1 ամսվա աշխատավարձ կվճարեն, իսկ մինչև տարեվերջ էլ կլուծվի «Նաիրիտի» վերագործարկման խնդիրը:

 Հարցին՝ եթե պետք է ամեն անգամ ընդունելության գնալուց կամ բողոքի ակցիա անելուց հետո աշխատավարձ վճարեն, էլ ինչո՞ւ են ուշացնում ու մարդկանց վատ դրության մեջ դնում, Հ. Թադևոսյանը պատասխանեց, թե գումարը մեծ է և չեն կարողանում հայթայթել:

 Մեր տեղեկություններով՝ Մովսիսյանը նաև հավաստիացրել է, թե երբ ռուսների հետ վերջնական համաձայնության գան ու «Նաիրիտը» սկսի աշխատել, ապա աշխատավարձերի ուշացումներ այլևս չեն լինի: Սա բնական է աշխատող գործարանի դեպքում, սակայն նախարարը չի նշել, թե ինչ է լինելու կուտակված 1 տարվա աշխատավարձի պարտքի հետ, ով է այն վճարելու: Հաշվի առնելով նախկինում Ա.Մովսիսյանի հավաստիացումների և իրականության միջև եղած անհամապատասխանությունները՝ կարելի է ամենայն վստահությամբ ասել, որ նախարարը հերթական անգամ «փափուկ բարձ» է դրել նաիրիտցիների գլխի տակ, մինչև պարզվի «սեփական գլխի գալիքը»:

 Հիշեցնենք, որ ռուսական «Ռոսնեֆտ» ընկերությունը հետաքրքրված է ստանձնելու «Նաիրիտի» կառավարումը, սակայն առանց կուտակված և օրեցօր ավելացող պարտքի, իսկ ՀՀ կառավարությունն էլ պատրաստ չէ բացահայտելու այս տարիների ընթացքում «Նաիրիտը» թալանած անձանց ու այդ կերպ 0-ացնելու պարտքը: Թե ինչ ընթացք կստանա իրադարձությունների զարգացումը, կերևա արդեն մոտ ապագայում: Հոկտեմբերին նաև Մոսկվայի Արբիտրաժային դատարանը պետք է շարունակի «Նաիրիտի» գործի քննությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս