ԱՄՆ դեսպանին հրավիրելու են Մաքսային միության կողմնակիցների հավաքին

Կարելի էր կարծել, որ սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանի կողմից Հայաստանի Մաքսային միությանը միանալու որոշման մասին արված հայտարարությունից հետո Հայաստանում այդ միությանը միանալու կողմնակիցների օրակարգը սպառված պետք է լիներ:

Բայց երեկ Թեքեյան մշակութային միության դահլիճում տեղի ունեցավ «Դեպի Եվրասիական միություն» ժողովրդական շարժման հերթական հավաքը, որի մասնակիցները հերթական անգամ բացահայտեցին ամերիկյան և ընդհանրապես արևմտյան քաղաքակրթության «վտանգավոր և արյունարբու էությունը»՝ ընդգծելով ռուսական քաղաքակրթության անսահման մարդասիրությունը:

Կազմակերպության քարտուղար Իշխան Թովմասյանը պատասխանելով այն հարցին, թե ինչ իմաստ ունի նման հավաքների և քննարկումների անցկացումը, եթե նախագահ Սերժ Սարգսյանի մակարդակով է հայտարարվում Մաքսային միությանը միանալու Հայաստանի պատրաստակամության մասին, ասաց. «Մեր խնդիրն է ուշի ուշով հետևել զարգացումներին: Եվրոպական դիվանագիտությունը քնած չէ, և կարող է իրեն հատուկ հնարքներով շեղել Հայաստանին ճանապարհից: Դրա համար մենք պետք է ցույց տանք, որ մենք էլ կանգնած ենք արթուն և թույլ չենք տալու որևէ շեղում Ռուսաստանի հետ մեր ինտեգրացիայից»:

Հուլիսի կեսերին մի խումբ հասարակական կազմակերպություններ ստեղծեցին «Դեպի Եվրասիական միություն» ժողովրդական շարժումը, որն իր առջև նպատակ էր դրել պայքարել հանուն Հայաստանի՝ Մաքսային միությանը և Եվրասիական տնտեսական միությանը անդամագրվելու: Հուլիսին Հայաստանում բոլորովին այլ վիճակ էր. Հայաստանի իշխանությունը դեռ ակտիվորեն բանակցում էր ԵՄ-ի հետ Ասոցացման պայմանագրի տեքստի շուրջ և ամեն ինչ գնում էր նրան, որ նոյեմբերին Հայաստանը Վիլնյուսում պետք է ստորագրի Ասոցացման համաձայնագիրը:

Սեպտեմբերի 3-ի հայտնի հայտարարությունից հետո, երբ նախագահ Սարգսյանը անձամբ հայտարարեց, որ Հայաստանը ցանկություն ունի միանալ Մաքսային միությանը և Եվրասիական տնտեսական միությանը, թվում էր, թե «ժողովրդական շարժումը» հասավ իր նպատակին` սպառելով օրակարգը: Բայց պարզվում է, որ միության անդամները որոշել են շարունակել իրենց պայքարը հանուն Եվրասիական միության, որովհետև ինչպես հայտարարեց երեկվա հավաքի մասնակից «Հայաստանի սովետական սպաների միության» նախագահ Աշոտ Պապյանը, իրենց խնդիրն է լինելու բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանել Հայաստանի և Ռուսաստանի նախագահների ստորագրությունները` դրված Հայաստանի Մաքսային միության միանալու որոշման արձանագրության տակ:
Իսկ ումի՞ց պետք է պաշտպանել այդ ստորագրությունները, ո՞վ է վտանգում դրանց իրականացումը:

Պատասխանը հավաքի մասնակիցների համար պարզից էլ պարզ է. Միացյալ Նահանգները և նրա եվրոպական դաշնակիցները: Հավաքը վարող Իշխան Թովմասյանն իր վրդովմունքը հայտնեց այն փաստի առիթով, որ ժամանակին ԱՄՆ-ին տրամադրվել է Հայաստանի ամենաշքեղ շենքերից մեկը, բայց նրանք չբավարարվելով դրանով՝ հսկայական տարածքներ են վերցրել և նոր դեսպանատուն կառուցել հենց «Երևանի սրտում»: Իշխան Թովմասյանը այդ հողահատկացման գործարքը համարեց հանցավոր և առաջարկեց այդ հանցավոր գործարքը կնքած հայ պաշտոնյաներին ու ԱՄՆ դեսպանին հրավիրել իրենց հաջորդ հավաքին, որպեսզի նրանք պատասխան տան իրենց «հանցավոր գործունեության համար»: Երբ դահլիճը պահանջեց հստակեցնել, թե հայկական կողմից հատկապես ո՞ւմ է ինքը համարում այդ գործարքի պատասխանատու, Իշխան Թովմասյանը պատասխանեց. «Դրանք կան ինչպես նախկին, այնպես էլ այսօրվա իշխանությունների մեջ»: Չնայած անորոշությանը` հավաքի մասնակիցները կողմ քվեարկեցին հաջորդ հավաքին դեսպանին և հայ հանցագործ պաշտոնյաներին հրավիրելու առաջարկին:

Հավաքի վերջում մենք փորձեցինք ճշտել այն պաշտոնյայի անունը, ով պետք է հրավիրվի «Դեպի Եվրասիական միություն» ժողովրդական շարժման հաջորդ հավաքին: Պարոն Թովմասյանը հայտնեց, որ ամենայն հավանականությամբ իրենք կհրավիրեն Տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանին, քանի որ իրենց տեղեկություններով` հենց նա է պատասխանատու այդ գործարքի կայացման համար: Ինչ վերաբերվում է ԱՄՆ դեսպանին, Թովմասյանը խիստ զայրացած հայտարարեց. «Երբ հեռուստացույցը միացնում եմ, նա հեռուստացույցի մեջ է: Արդյոք նա նույն ակտիվությամբ Ամերիկայում պայքարո՞ւմ է Հայոց ցեղասպանության ճանաչման համար: Կամ ինչո՞ւ են Ամերիկայի նախագահները մեր հայրենակիցներին խոստանում ճանաչել Ցեղասպանությունը, բայց ամեն անգամ դրժում են իրենց խոստումը: Թող դեսպանը բարի լինի պատասխանել մեր հարցերին»: Իհարկե լավ կլինի, եթե դեսպանը գա և մասնակցի այդ հավաքներին և պատասխանի ներկաների հարցերին, բայց դժվար թե նա այդպիսի համարձակություն դրսևորի, քանի որ նրան կարող են ոչ միայն հարցեր տալ, այլև հում-հում ուտել:
Հավաքին մասնակցում էր նաև ԲՀԿ-ական, «Ինտեգրացիա և զարգացում» վերլուծական-հետազոտական կենտրոնի ղեկավար, ԱԺ նախկին պատգամավոր Արամ Սաֆարյանը: Նա ասաց, որ կենտրոնը անցկացրել է հետազոտություն` պարզելու Մաքսային միությանը միանալու հետևանքները և տալու այն տնտեսական հիմնավորումները, թե ինչու է անհրաժեշտ միանալ այդ միությանը: Հետազոտողների խումբը, որը գլխավորել է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը, հանգել է այն եզրահանգման, որ դրա արդյունքում Հայաստանը կունենա լրացուցիչ 4 տոկոս տարեկան տնտեսական աճ, մինչդեռ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման պարագայում այդ աճը կազմելու էր 2,3 տոկոս:

Արամ Սաֆարյանը չհամաձայնեց այն պնդումների հետ, ըստ որոնց` Եվրասիական տնտեսական միությունը դառնալու է նոր Խորհրդային միություն, և այնտեղ մտնելու պարագայում Հայաստանը կորցնելու է իր ինքնիշխանությունը` անվանելով դրանք չարախոսություն: Արամ Սաֆարյանը ասում է, որ կա առնվազն երեք պատճառ ասելու, որ Եվրասիական միությունը նոր ԽՍՀՄ չի լինլու. այդ միությունը չի ունենալու միասնական անվտանգության համակարգ, ՀԱՊԿ-ն այս միության հետ, ըստ Արամ Սաֆարյանի, կապ չունի, քանի որ առանձին կազմակերպություն է, չկա ընդհանուր դրամական միավոր և չկա վերազգային քաղաքական կազմակերպություն, որին դեմ են Բելառուսն ու Ղազախստանը:

Հավաքի ժամանակ հնչեցին բազմաթիվ այլ ելույթներ ևս, որոնց հեղինակները պնդում էին, որ Հայաստանը այլընտրանք չունի քան Մաքսային միությանը միանալը, և բերում էին տարբեր պատմական, աշխարհագրական, տնտեսական և քաղաքական հիմնավորումներ: Բայց ամենակարևոր կարգախոսը, որ հավանություն գտավ ներկաների կողմից, հետևյալն էր. «Եվրասիական միությունն է բոլոր խորհրդային ժողովուրդների փրկությունը իրենց հակաժողովրդական ռեժիմներից և թալանչիներից»:
«168 ԺԱՄ»

Տեսանյութեր

Լրահոս