Google-ն ամենագրավիչ գործատուն է աշխարհում
Google ընկերությունը բուհերի շրջանավարտների համար աշխարհի լավագույն գործատուն է: Այս մասին են վկայում Universum ընկերության կատարած հետազոտության արդյունքները: Google-y հաղթել է ինչպես գործարար, այնպես էլ` ճարտարագիտության կատեգորիաներում: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Բիզնեսին առնչվող մասնագիտություններով շրջանավարտների համար գրավիչ գործատուների եռյակում են EY աուդիտորը (նախկին Ernst & Young-ը) և Goldman Sachs ներդրումային բանկը: Ճարտարագիտական մասնագիտություններով բուհեր ավարտած երիտասարդների համար երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցնում են համապատասխանաբար` Microsoft-ն ու IBM-ը:
Բիզնես կատեգորիայի տասնյակում մեծամասամբ աուդիտորական ընկերություներ են: Դրանց թվում են` EY-ը, KPMG-ին, PricewaterhouseCoopers-ը և Deloitte-ը: Բացի այդ, թոփ տասնյակում են գտնվում նաև Apple-ը, Microsoft-ը, Coca-Cola-ն և Procter & Gamble-ը:
Ինչ վերաբերում է ճարտարագիտություն կատեգորիային, ապա այդտեղ նույնպես առաջատար դիրքերում է Apple-ը: Թոփ տասնյակում են հայտնվել նաև BMW-ն, Sony-ն, General Electric-ը, Siemens-ը և Intel-ը:
Նշենք, որ հետազոտությունն անցկացվել է աշխարհի 12 խոշորագույն տնտեսություն ունեցող երկրների, այդ թվում` ԱՄՆ-ի, Չինաստանի, Ճապոնիայի, Գերմանիայի, Բրազիլիայի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Հնդկաստանի, Կանադայի և Ավստրալիայի, ուսանողների շրջանում: Հարցմանը մասնակցել է մոտ 200.000 ուսանող: