Գրիգորի Կարասինի ու Զուրաբ Աբաշիձեի հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման գծով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հետ հանդիպելու է սեպտեմբերի 19-ին, Պրահայում: Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ-ը:

Վերջինիս հաղորդմամբ՝ այդ հանդիպման ժամանակ Կարասինն ու Աբաշիձեն քննարկելու են ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման հարցը, ինչը մասնավորապես վերաբերում է այն ոլորտներին, ուր դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում հնարավոր է առաջընթացի գրանցում (առևտուր, տրանսպորտ, մշակութային-հումանիտար ոլորտ, գիտություն և առողջապահություն):

Ռուսաստանի ԱԳՆ-ն ընդգծել է, որ հանդիպման ժամանակ կողմերը քննարկելու են նաև ռուս-վրացական հարաբերությունների հեռանկարները այս տարվա հոկտեմբերի 27-ին Վրաստանում կայանալիք նախագահական ընտրություններից հետո:

Ռուսաստանի ԱԳՆ-ը հիշեցրել է, որ Կարասինի ու Աբաշիձեի երկխոսությունը մեկնարկել է 2012 թվականի դեկտեմբերի 14-ին, Ժնևում:

Տեսանյութեր

Լրահոս