Ադրբեջանում մեկնարկել է նախագահի թեկնածուների քարոզչական կամպանիան
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ գրանցում անցած նախագահի թեկնածուների համար այսօր Ադրբեջանում մեկնարկել է քարոզչական կամպանիան: Այն ավարտվելու է հոկտեմբերի 8-ին ժամը 08.00-ին՝ նախագահական ընտրությունների մեկնարկից 24 ժամ առաջ:
Հանրային հեռուստատեսությամբ թեկնածուներին շաբաթական կտրվի 3-ական եթերային անվճար ժամ և նույնչափ էլ կհատկացվի Հանրային ռադիոյով: Եթերային ժամի բաշխման համար անցկացվելու է վիճակահանություն:
Ադրբեջանում նախագահական ընտրություններն անցկացվելու են այս տարվա հոկտեմբերի 9-ին: Գրանցում անցած թեկնածուների քանակը կազմել է 10 մարդ, որոնք էլ կմասնակցեն նախագահական ընտրություններին:
Նրանք են գործող նախագահ Իլհամ Ալիևը, «Ումիդ» կուսակցության նախագահ Իգբալ Աղազադեն, պատգամավոր Զահիդ Օրուջը, «Ադրբեջանի միասնական ժողովրդական ճակատ» կուսակցության նախագահ Գուդրատ Հասանգուլիևը, «Ադրբեջանի սոցիալ-դեմոկրատական» կուսակցության նախագահ Արազ Ալիզադեն, «Ժամանակակից Մուսավաթ» կուսակցության նախագահ Հաֆիզ Գաջիևը, «Ազգային զարթոնքի շարժում» կուսակցության նախագահ Ֆարաջ Գուլիևը, Ժողովրդավարական ուժերի Ազգային խորհրդի (ԺՈՒԱԽ) թեկնածու Ջամիլ Հասանլին, «Ադալյաթ» կուսակցության նախագահ Իլյաս Իսմայլովը և «Ադրբեջանի դեմոկրատական» կուսակցության նախագահ Սարդար Ջալալօղլուն: