Բաժիններ՝

ԱՄՆ հատուկ ծառայությունները տվյալներ են հավաքել նաև քաղաքացիների ֆինանսական գործառնությունների մասին

Գերմանական Der Spiegel պարբերականի փոխանցմամբ՝ նոր հրապարակումներ են արվել՝ կապված ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության գաղտնալսումների հետ: Պարզվել է, որ ի թիվս այլ գաղտնալսումների, Ազգային անվտանգության գործակալությունը հետևել է նաև քաղաքացիների ֆինանսական գործառնություններին, որոնք իրականացվել են հեռահաղորդակցային ուղիներով ու թվային սարքերով:

Այս մասին են վկայել ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի տրամադրած փաստաթղթերը: «Հետևելով փողերին» ծածկանվամբ ծրագիրը հնարավորություն է տվել դիտարկում անցկացնել բանկային գործողությունների ու վճարումների հոսքի նկատմամբ, որոնք իրականացվել են կրեդիտ քարտերի օգնությամբ:

Գաղտնի փաստաթղթերի համաձայն, այդ ծրագիրն ամերիկյան հատուկ ծառայություններին հնարավորություն է տվել 2011 թվականին հավաքել մոտ 180 միլիոն ֆինանսական ձայնագրություն, որոնց մեծ մասը հանդիսացել են կրեդիտ քարտերով կատարված գործողությունները: Հավաքված տեղեկատվությունը պահվում է Ազգային անվտանգության գործակալության տվյալների բազայում, որը կրում է Tracfin անունը:

Պարբերականն ընդգծում է, որ առաջնահերթ թիրախներ են հանդիսացել նվազագույնը երկու ընկերություն` Visa և SWIFT: Փաստաթղթերի վկայությամբ՝ ֆինանսական գործառնություններին հետևելու աշխարհագրությունն ընդգրկել է Եվրոպան, Աֆրիկան ու Միջին Արևելքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս