Աշոտ Մանուչարյան. «Քաղբանտարկյալներին մենք պետք է ազատենք»

Երեկ` սեպտեմբերի 13-ին, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը հանդես եկավ հայտարարությամբ` դատապարտելով Հայաստանում քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ բռնությունների կիրառումը:

«ԵՄ պատվիրակությունն իր խորը մտահոգությունն է հայտնում վերջերս Երևանում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների դեմ հարձակումների, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանների ահաբեկման դեպքերի կապակցությամբ:

ԵՄ պատվիրակությունը կոչ է անում հայաստանյան իշխանություններին շուտափույթ և վճռական քայլեր ձեռնարկել այդ գործողություններն իրականացնողներին առանց հապաղման պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

ԵՄ պատվիրակությունը հիշեցնում է, որ ժողովրդավարական սկզբունքների, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը շարունակում են մնալ Եվրոպական միության և Հայաստանի երկկողմ օրակարգի կարևոր տարրերը»,- նշված է հայտարարության մեջ:

Կարդացեք նաև

Ուշագրավ է, որ այս հայտարարությունը կատարվեց Մաքսային միություն մտնելու վերաբերյալ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունից ընդամենը 10 օր անց` այն օրը, երբ Երևանում էր ԵՄ ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: Վերջինս էլ, ինչպես արդեն հայտնի է, հայտարարել է, որ նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք ԵՄ արևելյան գործընկերության գագաթաժողովին չի նախաստորագրվելու Հայաստանի հետ Ասոցաման համաձայնագիրը:

Հնարավո՞ր է, որ ինչ-որ առումով «խաբված» Եվրոպան առաջիկայում ակտիվանա այս առումով` մասնավորապես Հայաստանում քաղբանտարկյալների առկայության և իշխանությունների կողմից քաղաքացիական շարժումների նկատմամբ գործադրվող ճնշումներին վերաբերող հարցերում:

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսում խոսելով այս հարցի շուրջ, նշեց.

«Վերջին տարիներին միշտ եղել է հետևյալ պատկերը. Ռուսաստանի վերաբերմունքը քաղբանտարկյալների, օրենքի խախտումների, գնդակահարությունների և այլնի նկատմամբ` «ամեն ինչ նորմալ է, ոչ մի խնդիր չկա»: Արևմուտքի արձագանքը`«վայ, սա ինչ խայտառակություն է, էս ոնց եք սենց բան արել, արդեն երկու-երեք հանք տալով չեք պրծնի, պետք է նաև հայ-թուրքական գործընթացը սկսեք»: Սա Արևմուտքի կառավարման մեխանիզմն է մեր գործերին: Որքան շուտ այդ մեխանիզմը ստեղծողներին ուղարկենք գրողի ծոցը, այդքան լավ: Մեր հարցերը մենք պետք է լուծենք, այդ քաղբանտարկյալներին մենք պետք է ազատենք: Եթե թողեցինք նրանց, գործիք են սարքելու` իբր թե քիչ են իշխանավորների վրա գործիքները, մի երկու բան էլ կավելացնեն, որպեսզի ավելի էֆեկտիվ լինի ազդեցությունը: Առևտրի գործիք է, ուրիշ ոչինչ»:

Տեսանյութեր

Լրահոս