Բալթիկ ծովի հատակին առկա հազարավոր քիմիական արկերն ու հրթիռները մեծ սպառնալիք են ներկայացնում
Ռուսական Комсомольская правда թերթի փոխանցմամբ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից ԽՍՀՄ-ը և Մեծ Բրիտանիան Բալթիկ ծովում «հուղարկավորել» են 65.000 տոննա գերմանական չօգտագործված քիմիական զենք: Այդ մահացու զինանոցի զգալի մասը գտնվում է Գոթլանդի իջվածքում, ուր խորությունը տեղ-տեղ հասնում է 250 մետրի:
Լեհաստանի Օվկիանոսագրության ինստիտուտի աշխատակից, դոկտոր Յացեկ Բելդովսկին հայտարարել է, որ իրենց անցկացրած հետազոտությունները ցույց են տվել, որ Գոթլանդի իջվածքում գտնվում է մինչև 8000 քիմիական արկ և հրթիռ, որոնք կարող են սպառնալիք հանդիսանալ շրջակա միջավայրի համար:
Բելդովսկին հավելել է, որ իրենք ունեն ապացույցներ, որ այդ առարկաներն արդեն իսկ սկսել են աղտոտել ծովի հատակը, իսկ թե ինչ կլինի հետագայում, կարելի է կռահել հեշտությամբ:
Դոկտորի խոսքերով՝ լեհ գիտնականները գնալով ավելի հաճախ են արկերի գտնվելու վայրերում հայտնաբերում թունավորման հետքերով, գենետիկ շեղումներով ու մուտացիայի ենթարկված ձկների, որոնցով սնվելու դեպքում մարդը նույնպես կարող է թունավորվել:
Բրիտանական DailyTelegraph պարբերականը գրում է, որ շատ տագնապալի է այն, որ ոչ ոք չգիտի Բալթիկայում քիմիական զենքի «հուղարկավորման» վայրերը: