Ադրբեջանի նախագահական ընտրությունները հավանաբար կանցնեն մրցունակ միջավայրում. ԵԽԽՎ

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԽԽՎ Նախընտրական մոնիթորինգային առաքելությունը հոկտեմբերի 9-ին կայանալիք նախագահական ընտրությունների շեմին Ադրբեջան կատարած ճանաչողական այցի արդյունքներով հանդես է եկել հայտարարությամբ:

Փաստաթղթում ընդգծվում է, որ առաջիկա ընտրությունները հավանաբար կանցնեն մրցունակ միջավայրում, Ադրբեջանի իշխանությունները պատրաստ են միջազգային դիտորդների համար ապահովել ընտրությունները մոնիթորինգի ենթարկելը:

Նշվում է, որ նախագահի թեկնածուների գրանցման գործընթացը դեռ ավարտված չէ: Ամենայն հավանականությամբ, նրանց քանակը կլինի առնվազն 10: Միևնույն ժամանակ գործող նախագահի համար հուսալի մրցակիցների բացակայությունը պատճառ է հանդիսացել համազգային լուրջ բանավեճերի բացակայության:

ԵԽԽՎ-ի դիտորդները հիասթափված են նախագահ Իլհամ Ալիևի՝ նախընտրական կամպանիա չանցկացնելու մասին որոշումից, ինչը նա պատճառաբանել էր իր գործերին քաջատեղյակ լինելու հանգամանքով: Միևնույն ժամանակ ԶԼՄ-ներում նրա հաճախակի ներկայությունը, ինչը բացատրվում է նախագահի գործառույթներն իրականացնելով, մյուս մրցակիցներին դնում է ոչ շահեկան վիճակում:

Փաստաթղթում ուշադրություն է հրավիրվում նրան, որ ԵԽԽՎ-ի զեկույցներում տեղ գտած բազմաթիվ խորհուրդներ չեն կատարվել, ինչը մասնավորապես վերաբերում է ազատ արտահայտվելուն ու ազատ հանրահավաքներ անցկացնելուն, ինչպես նաև բազմակարծ ժողովրդավարության գործունեությանը:

7 անձանցից բաղկացած ԵԽԽՎ-ի պատվիրակությունն Ադրբեջանում է գտնվել այս տարվա սեպտեմբերի 10-13-ին:

Տեսանյութեր

Լրահոս