Հայաստանը չի կարող օրինակ ծառայել Վրաստանի համար. Սաակաշվիլի
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին իր նստավայրում ուսանողական կազմակերպությունների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին մեղադրել է վրացական քաղաքական գլխավոր թաբուն խախտելու մեջ.
«Վրացական քաղաքական լանդշաֆտը համախմբված էր մեկ ուղղության շուրջ՝ Արևմուտքի ուղղությամբ: Դա ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի հետ մերձենալու այլընտրանք չունենալու գաղափարն է:
Ժողովրդին կարող է դուր գալ կամ չգալ որոշակի քաղաքականությունը կամ քաղաքական գործիչը, սակայն բոլոր լուրջ հարցախույզների համաձայն, ոչ ոք կասկածի տակ չի դրել մեր արևմտյան ապագան՝ բացառությամբ Կրեմլից ուղիղ ֆինանսավորվող քաղաքական գործիչների, օրինակ Բուրջանաձեն:
Ժողովրդավարական ճանապարհով իշխանափոխությունից և պետական ապարատի ղեկին «Վրացական երազանքի» հայտնվելուց հետո արվեցին վրդովեցուցիչ հայտարարություններ, օրինակ, վրացական քաղաքականության հայկականացման մասին:
Հայաստանը մեզ համար բարեկամ երկիր է, սակայն նա որոշել է մտնել Մաքսային միության մեջ, և նա չի կարող մեզ համար օրինակ ծառայել, ինչպես որ հայտարարում է մեր վարչապետը: Վարչապետը խախտել է վրացական քաղաքականության գլխավոր թաբուն:
Օրեր առաջ նա հրապարակավ հայտարարեց, իսկ հետո կրկնեց, որ Եվրասիական միությունը, որը հանդիսանում է ԽՍՀՄ-ի նոր ձև և ստեղծվել է Պուտինի ու նրա մերձավորների կողմից, հանդիսանում է հետազոտում պահանջող հարց: Պետք չէ խաբել ինքներս մեզ, թե դա սովորական պրագմատիկ ընտրություն է Եվրոպայի ու Եվրասիայի միջև: Այդ ընտրությունն ունի քաղաքական կոնկրետ շարունակություն»: