Վրաստանի ԱԳՆ-ը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի ԱԳՆ-ը Շվեյցարիայի դեսպանատան միջոցով բողոքի նոտա է հղել Ռուսաստանին՝ կապված Հարավային Օսիայի (Վրաստանի Ցխինվալի շրջան) հետ «պետական սահմանի մասին» պայմանագիր կնքելու ռուսական կողմի մտադրության հետ:
Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Դավիթ Զալկալիանին. «Դեռևս սեպտեմբերի 5-ին, երբ մեզ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի կառավարությունը տվյալ նախաձեռնությամբ դիմել է երկրի նախագահին՝ ձևակերպելու համար Ռուսաստանի Դաշնության ու Ցխինվալի շրջանի միջև այսպես կոչված սահմանը, մենք Շվեյցարիայի դեսպանատան միջոցով բողոքի նոտա հղեցինք Ռուսաստանին:
Դրանում ընդգծվում է, որ նմանատիպ յուրաքանչյուր համաձայնագրի ձևակերպում հանդիսանում է միջազգային իրավունքի նորմերի խախտում, որ այն չի ունենա որևէ իրավական ուժ և կճանաչվի անվավեր»:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 12-ին ստորագրել է «Ռուսաստանի Դաշնության և Հարավային Օսիայի հանրապետության միջև պետական սահմանի մասին պայմանագիր ստորագրելու» վերաբերյալ հրամանը, ինչը նշանակում է, որ նա ընդունում է պայմանագիր ստորագրելու մասին Ռուսաստանի կառավարության առաջարկը: