Նաիրա Զոհրաբյան. Մեզ թող ոչինչ չսովորեցնեն, Սահմանադրության հոդվածներ չկարդան
Մինչև Եվրասիական միությանն անդամագրվելու մասին հայտարարությունը քաղաքական ուժերի հետ պետք է անցկացվեին կոնլսուլտացիներ: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Դիմելով իշխանություններին՝ նա կոչ արեց իրենց չսովորեցնել. «Երկրի համար վճռորոշ այս պահին պետք է կուսակցությունների հետ կոնսուլտացիաներ անցկացվեին: Մեզ թող ոչինչ չսովորեցնեն, Սահմանադրության հոդվածներ չկարդան: Այո, նախագահն ունի լիազորություն, բայց երկրի համար վճռորոշ խնդիր է»:
Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ Հանրապետականները Մաքսային միության փաստաթղթին «մեկ մարդու նման կանոնավոր կերպով քվեարկելու են կողմ»: Նա առաջարկեց հարցը դնել նաև հանրաքվեի: 2014 թվականին, երբ փաթեթը հասանելի լինի ՀՀ խորհրդարանի համար, նրա համոզմամբ, հարցը պետք է քննարկել և դնել հանրաքվեի՝ ժողովրդի տեսակետը պարզելու համար: Նաիրա Զոհրաբյանը շեշտեց, որ իր համար հասկանալի չեն ՀՀ իշխանությունների այն միանշանակ պնդումները, թե իրենք գնալու են Վիլնյուս, շարունակելու են բանակցությունները Եվրոպայի հետ:
«Ինձ համար հասկանալի չէ նաև, որ չորս տարի բացարձակ բարձր մակարդակով բանակցել են եվրոպայի հետ, և ընդամենը սեպտեմբերի 3-ին, 21:00-ին համապատասխան հեռուստաընկերությունից, մենք բոլորս, այդ թվում՝ կոալցիայի ներկայացուիչները, տեղեկանում ենք այլ ուղղությամբ անդամագրվելու մասին: Ես անձնապես շահագրգռաված եմ, որ Եվրոպայի հետ համագործակցությունը շարունակվի»,- նշեց նա:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանն էլ շեշտեց, թե Հայաստանին չորս տարի շարունակ ոչ մեկը չի ստիպել բանակցել Եվրոպայի հետ: Դիմելով իշխանություններին՝ նա նշեց, որ եթե հակասություններ էին առաջանում, ո՞վ էր այդքան ստիպում «խորանալ» Եվրոպայի հետ. «Առաջին հայացքից որքան բարետես են, ժպտերես եվրոպացիները… Մի բան պարզ է, մենք Եվրոպայի առջև արժանապատվության ու վստահության կորուստ ունենք»:
Նաիրա Զոհրաբյանն էլ համաձայնեց՝ նշելով, թե այս օրերին ինքը իշխանությունների կողմից «մանկապատանեկան» հայտարություններ է լսել, թե՝ «բա դուք չգիտե՞իք, որ Ռուսաստանի հետ Հայաստանը ռազմավարական գործընկեր է»:
«Մենք գիտեինք, այդ դուք չգիտեիք: ԲՀԿ-ն չէր բնակցություններ վարող՝ «Ժառանգությունը» կամ ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն: Իշխանություններն էին վարում բանակցությունները: Խնդիր էին դրել փրկելու վերադասների՞ն, որ ասում էին, թե բա դուք չգիտե՞ք: Մենք գիտեինք, գիտեինք, որ պետք է բալանսավորված, հավասարակշռված քաղաքաանություն տանել: Ավելի հստակ պետք է հասկանան՝ ով ինչի համար է պատասխանատու»,- հայտարարեց նա: Նա նաև հերքեց այն լուրերը, թե ԲՀԿ-ն կոալիցիա է կազմելու իշխանությունների հետ. «ԲՀԿ օրակարգում կոալիցիա մաս կազմելու խնդիր չկա»: