Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան անցկացնելու են խողովակաշարարերի պահպանմանը նվիրված զորավարժություններ
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սեպտեմբերի 23-27-ին Բաքվում անցկացվելու են նավթամուղերի ու գազամուղերի պահպանմանը նվիրված Eternity 2013 (Անվերջություն 2013) հրամանատարա-շտաբային զորավարժությունները:
Համակարգչային աջակցությամբ անցկացվելիք այդ զորավարժություններին մասնակցելու են Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի զինծառայողները: Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: Eternity զորավարժություններն անցկացվում են ամեն տարի՝ հերթականությամբ այդ երեք երկրներից մեկում:
Հիշեցնենք, որ երեք երկրների տարածքներում են գտնվում «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» (ԲԹՋ) նավթամուղը և «Բաքու-Թբիլիսի-Էրզրում» (ԲԹԷ, Հարավ-կովկասյան) գազատարը: Բացի այդ, Ադրբեջանի ու Վրաստանի տարածքում գործում է «Բաքու-Սուփսա» նավթամուղը: