Ադրբեջանում կալանքի տակ պահվող երիտասարդ ակտիվիստների նկատմամբ ներկայացվել է նոր մեղադրանք
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ կալանքի տակ պահվող NIDA շարժման 7 երիտասարդ ակտիվիստների և «Ազատ երիտասարդություն» կազմակերպության անդամ Իլկին Ռուստամզադեի նկատմամբ ներկայացվել է նոր մեղադրանք:
Խոսքն Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 220.1 հոդվածի մասին է (հրդեհելու և ջարդերի ուղեկցությամբ զանգվածային անկարգությունների կազմակերպում): Այս մասին հայտնել են նրանց փաստաբանները, որոնք անհեթեթություն են համարում նոր մեղադրանքը, քանի որ տեղի չի ունեցել հանցագործության բուն իրադարձությունը:
Նրանք ընդգծել են, որ բանակում ոչ մարտական կորուստների դեմ մարտի 10-ին անցկացված բողոքի ակցիան կրել է խաղաղ բնույթ, չեն գրանցվել անկարգություններ և պետական ու մասնավոր գույքին վնաս պատճառելու դեպքեր: Նոր մեղադրանքի հետ կապված՝ երիտասարդներին սպառնում է մինչև 12 տարվա ազատազրկում:
NIDA-ի 7 անդամները ձերբակալվել են մարտի 7-ից մինչև ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում, իսկ Ռուստամզադեն՝ մայիսի 17-ին (թմրանյութեր և պայթուցիկ նյութեր պահելու, խուլգիանության համար): Նրանք Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության կողմից ճանաչվել են որպես «խղճի բանտարկյալներ»: