Քննիչը մանրամասներ է պատմում` Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած կրակոցներից
Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ՊՆ քննչական ծառայության պետ Արմեն Հարությունյանը հայտարարեց, որ նախաքննական մարմնի վրա հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ տեղի ունեցած դեպքի նախաքննության ընթացքում ճնշումներ չեն եղել: ՙՆման բան չի եղել, և ասեմ, որ չի էլ կարող լինել՚,- ասաց քննչական ծառայության պետը: Նա հերքեց մամուլում հայտնված, ինչպես նաև Բուդաղյանների և նրանց փաստաբանների կողմից հայտնած մի շարք տեղեկություններ:
«ՙԱվետիք Բուդաղյանը ապօրինի ինքնաշեն զենք է ունեցել, Սուրիկ Խաչատրյանը` ոչ’»
Ա. Հարությունյանը նախ ասաց, որ Սուրիկ Խաչատրյանը չունի ապօրինի, ինքնաշեն զենք: «Պ. Բերետտա» 455565 տեսակի ատրճանակը, ըստ Ա. Հարությունյանի, պատկանել է Ս. Խաչատրյանին օրինական հիմքով. այն դեպքի օրը չի օգտագործվել, հայտնաբերվել է նախկին մարզպետի տան խուզարկության ժամանակ: Ա. Հարությունյանը պարզաբանեց, որ զենքի` միայն ինքնաշեն լինելու հանգամանքը քրեական պատասխանատվության հիմք չի կարող հանդիսանալ: «Հրազենը պետք է գտնվի տիրապետողի մոտ ապօրինի կերպով, որպեսզի արարքը որակվի Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածով»,- ասաց նա: Փոխարենը, նրա խոսքով, ինքնաշեն ապօրինի զենք է ունեցել հունիսի 1-ին սպանված Ավետիք Բուդաղյանը. «Բերետտա» տեսակի ատրճանակը հայտնաբերվել է դեպքի վայրում»: Ա. Հարությունյանի խոսքով` դեռևս հունիսի 7-ին` դեպքից 7 օր անց, Էմիլ Բուդաղյանը ցուցմունք է տվել այն մասին, որ իր տեղեկություններով` դեպքի օրը որդին երկու զենք է ունեցել, այդ թվում 1 «Բերետտա» տեսակի ատրճանակ: «Այն Ավետիքը մի քանի օր առաջ էր ձեռք բերել, ցանկություն է ունեցել օրինականացնել և նվիրել իրեն: Նշված հրազենից դեպքի վայրում հայտնաբերվել է կրակված երկու պարկուճ»,- ասաց Ա. Հարությունյանը:
«Արտակ և Ավետիք Բուդաղյաններին թիկունքից չեն կրակել»
ՀՀ ՊՆ քննչական ծառայության պետը հերքեց Բուդաղյանների այն հայտարարությունը, թե իրենց որդիներին թիկունքից են կրակել: «Քրեական գործով նշանակված դատաբժշկական և դատաբժշկական հանձնաժողովային, դատաձգաբանական, դատահետքաբանական և դատաքիմիական համալիր փորձաքննությունների եզրակացություններով և այլ ապացույցներով հստակ հիմնավորվել է, որ Արտակ և Ավետիք Բուդաղյանների մարմինների վրա առկա մարմնական վնասվածքները թիկունքից չեն եղել: Ընդ որում, Արտակ Բուդաղյանի ստացած մարմնական վնասվածքը, ինչպես նաև Ավետիք Բուդաղյանի ստացած 4 մարմնական վնասվածքներից 3-ը պատճառվել են միևնույն` 5.6 մմ տրամաչափի զենքից, այն է` «ՄՌ 161 Կ» տեսակի հրացանից, որը գործածվել է Տ. Խաչատրյանի կողմից, իսկ Ավետիք Բուդաղյանի 1 մարմնական վնասվածքը պատճառվել է 9 մմ տրամաչափի` Զ. Նիկողոսյանի կողմից գործածված «Բրաունինգ»տեսակի ատրճանակից: Այլ հրազենային կամ այլ բնույթի վնասվածքներ թե’ Արտակ, թե’ Ավետիք Բուդաղյանների մարմնի վրա չեն հայտնաբերվել»:
«Սդղի գյոլից վերադառնալիս Ավետիք Բուդաղյանին հարվածել է Զ. Նիկողոսյանը»
Արմեն Հարությունյանը տեղեկացրեց, որ նախաքննությամբ պարզվել է` Ավետիք Բուդաղյանին Ս. Խաչատրյանի ավտոմեքենայում հարվածել է Զ. Նիկողոսյանը: Այս առիթով նախաքննությունը դեռևս շարունակվում է: Ա. Հարությունյանը ասաց, որ մինչ այժմ ձեռք բերված ապացույցներով չի հիմնավորվել այն հանգամանքը, որ Ա. Բուդաղյանին ծեծի են ենթարկել` նկատի ունենալով այն հանգամանքը, որ դատաբժշկական փորձաքննության համաձայն` Ա. Բուդաղյանի մարմնի հրազենային վնասվածքներից բացի` որևէ այլ բնույթի վնասվածքներ առկա չեն:
«Զ. Նիկողոսյանը դեպքի օրը Բուդաղյան եղբայրներին չի զանգել»
Ինչպես հայտնի է, Բուդաղյանների հայրը` Էմիլ Բուդաղյանը, մի քանի անգամ հայտարարել է, որ դեպքի օրը Զ. Նիկողոսյանն է զանգահարել իր որդուն և կանչել Սյունիքի նախկին մարզպետի առանձնատան մոտ: ՊՆ քննչական ծառայության պետը հերքեց այդ տեղեկությունները ևս: Նա տեղեկացրեց, որ քրեական գործում առկա են հեռախոսային վերծանումները: Համաձայն դրանց` հունիսի 1-ին Զ. Նիկողոսյանը չի զանգահարել ոչ Ավետիք, ոչ էլ Արտակ Բուդաղյաններին: Ընդհակառակը, այդ օրը` 22:59-ին, Ավետիք Բուդաղյանն է իր հեռախոսահամարից զանգահարել Զ. Նիկողոսյանին. նրանց խոսակցությունը տևել է 52 վայրկյան:
«Ինչո՞ւ է Արտակ Բուդաղյանը գնացել Սուրիկ Խաչատրյանի առանձնատուն»
Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը ասուլիսի ընթացքում հայտնել էր, որ Արտակ Բուդաղյանը գնացել է Ս. Խաչատրյանի առանձնատան մոտ, երբ նկատել է, որ Ս. Խաչատրյանի տան մոտ որոշակի իրադարձություններ են տեղի ունենում, և Ավետիք Բուդաղյանի ավտոմեքենան այնտեղ է: Ա. Հարությունյանն այսօր հերքեց այդ վարկածը ևս: Նրա խոսքով` Հ. Ալումյանի հայտարարությունները հերքվում են անգամ Արտակ Բուդաղյանի առաջին ցուցմունքով: ՙԱ. Բուդաղյանը ցուցմունքներ է տվել այն մասին, որ եղբորից իմանալով Սդղի գյոլից վերադառնալիս ավտոմքենայում նրա նկատմամբ կիրառված բռնության մասին, գնացել է Արման Հակոբյանի տուն, վերցրել նրա անձնական օգտագործման ՎԱԶ 2106 մակիշի ավտոմեքենան, ինչպես նաև Արմանին իր կողմից ի պահ տրված «Բեկաս-Ավտո» տեսակի հրացանը, շարժվել է Ս. Խաչատրյանի տան ուղղությամբ: Ըստ Ա. Բուդաղյանի ցուցմունքի` զենքը վերցրել էր, բառացիորեն ասեմ, որպեսզի զենքը ձեռքին տեսնեն, հանգիստ թողնեն ժողովրդին: Նշվածը հիմնավորված է նաև քրեական գործով ձեռք բերված այլ ապացույցներով»,- ասաց Ա. Հարությունյանը:
«Համացանցում և նախաքննության մարմնի տրամադրության տակ եղած տեսանյութերը բովանդակային առումով նույնն են»
Բուդաղյանների փաստաբան Հ. Ալումյանը նշել է նաև, որ համացանցում տեղադրված տեսանյութը, որը պատկերում է հունիսի 1-ին տեղի ունեցող իրադարձությունները, մոնտաժված է: Ա. Հարությունյանը, սակայն, պնդում է, որ դրանք բովանդակային առումով նույն են. տարբերությունը միայն տևողության մեջ է: «Մինչև տեսագրող սարքերի` նախաքննության տրամադրության տակ հայտնվելը դրանք գտնվել են տնօրինող անձանց` Ս. Խաչատրյանի ընտանիքի անդամների տրամադրության տակ: Հետևաբար մինչև այն առգրավելը տեսաերիզը չէր կարող համարել նախաքննության գաղտնիք: Նշեմ, որ այս ուղղությամբ, թե ինչպես էր հայտնվել և այն, դեռևս քրեական գործով նախաքննությունը շարունակվում է»:
«Վերևից կրակոց չի եղել»
Փաստաբան Հ. Ալումյանը հայտնել է, որ Արտակ Բուդաղյանը պնդել և պնդում է, որ կրակոց է եղել նաև«դղյակից», որից հետո Լորետա Բարսեղյանը բղավել է.«Սուրի’կ, էս ի՞նչ արեցիր, բա ասում էիր` ըսենց բան էլ չի լինի»: Ա. Հարությունյանի խոսքով` նախաքննության նախորդ ժամանակահատվածում Հ. Ալումյանը պնդում էր, որ կրակոցներ են արձակվել առանձնատան երկրորդ հարկի պատշգամբից. «Անձամբ մասնակցելով դեպքի վայրի լրացուցիչ զննությանը` Ալումյանը ականատես եղավ, որ առանձնատունը այն հատվածում, որն հարակից է դեպքի վայրին, և որտեղից տեսականորեն հնարավոր կլիներ կրակոցներ արձակել դեպքի վայրի ուղղությամբ, պատշգամբ չունի, ընդ որում` մեկ հարկանի է, հետևաբար այդ հատվածից ևս չէր էլ կարող լինել կրակոց` այն էլ վերևից: Երևի դա է պատճառը, որ պատշգամբը հետագայում վերափոխվեց և անվանվեց երկրորդ հարկ, իսկ վերջին օրերին` դղյակի պատուհան»:
Տ. Խաչատրյանը օգտագործել է թմրանյութ
Արմեն Հարությունյանը տեղեկացրեց, որ ՀՀ քրեական օրենսգրքի 63-րդ հոդվածը սահմանում է, որ պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներից են հանցանքն ալկոհոլի, թմրամիջոցների կամ թմրեցնող այլ նյութերի ազդեցության տակ կատարելը: Ա. Հարությունյանի խոսքով` փորձաքննության եզրակացության համաձայն` Արտակ և Ավետիք Բուդաղյանների արյան նմուշներում ալկոհոլ է հայտնաբերվել, իսկ Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի մոտից վերցված մեզի և մազի նմուշներում հայտնաբերվել էին թմրանյութեր.«Ըստ փորձագետի եզրակացության` թմրանյութը մեզի մեջ կարող է պահպանվել 36 օր, իսկ մազի միջից` օգտագործելուց հետո ընդհանրապես նրա հետքը չի վերանում` ըստ փորձագետի տված ցուցմունքի և համապատասխան գրականության մեջ եղած հանգամանքների»:
ՙԶինդատախազի` կաշառք ստանալու մասին տարածված տեղեկությունների առթիվ նյութեր են նախապատրաստվում
Տիգրան Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումից հետո տեղեկատվություն տարածվեց այն մասին, որ ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանը 4 մլն դոլար կաշառք է ստացել այդ որոշումը կայացնելու համար: «Զինվորական դատախազի նաև ցուցումով քննչական ծառայության համապատասխան ստորաբաժանումում այսօրվանից նյութեր են նախապատրաստվում այդ հանգամանքի վերաբերյալ և օրենքով սահմանված կարգով առիթի և հիմքերի օրինականությունը ստուգելուց հետո, եթե հիմք կլինի քրեական գործ հարուցելու, համապատասխան ընթացք կստանա և կշարունակվի այն մարմնի կողմից, որը որ դատավարության օրենսգրքով վերապահված է այդ դեպքերի կապակցությամբ նախաքննության իրականացումը»,- ասաց Ա. Հարությունյանը:
«168 ժամի» հարցերին պատասխանել է նաև ՀՀ ՊՆ Քննչական ծառայության հատկապես կարևոր գործերի բաժնի ՀԿԳ քննիչ Ալեքսան Ղազարյանը, ով գլխավորում է քննչական խումբը:
– Պարո’ն Ղազարյան, որոշում եք կայացրել Զ. Նիկողոսյանի և Տ. Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին: Դա նշանակում է, որ կարող եք հրապարակել` ի՞նչ է տեղի ունցել դեպքի վայրում:
– Քրեական գործով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է հետևյալը: 2013-ի հունիսի 1-ին` ժամը 21:30-ի սահմաններում, Սդղի գյոլ կոչվող տարածքում ճաշկերույթից հետո Գորիս քաղաքի բնակիչներ Սուրիկ Խաչատրյանը, Զարզանդ Նիկողոսյանը, Ավետիք Բուդաղյանը և Արագած Ղևոնդյանը Ս. Խաչատրյանին պատկանող «Lexus» ավտոմեքենայով վերադարձել են Գորիս քաղաք: Ավտոմեքենայում անախորժ խոսակցություն է ծավալվել Ավետիք Բուդաղյանի և Զ. Նիկողոսյանի միջև, որի ընթացքում Զ. Նիկողոսյանը ապտակել է Ավետիք Բուդաղյանին, որից հետո Ա. Բուդաղյանի բնակության վայր չհասած` որոշ հեռավորության վրա վերջինս իջել է ավտոմեքենայից` ընդհանուր բնույթի սպառնալիքներ տալով մեքենայում գտնվողների հասցեին: Վիրավորված իր նկատմամբ դրսևորված վերաբերմունքից և գտնվելով ալկոհոլի ազդեցության տակª Ավետիք Բուդաղյանը ժամը 22:30-ի սահմաններում իր անձնական օգտագործման «Mercedes Benz» մեքենայով գնացել է Ս. Խաչատրյանի` Դավիթ Բեկ հասցեում գտնվող առանձնատուն: Առանձնատան մոտ չհասած` կանգնեցրել է մեքենան: Բացելով ավտոմեքենայի առջևի ձախ դուռը` Ավետիք Բուդաղյանը հարցրել է, թե որտեղ է մարզպետը: Նրան են մոտեցել Զ. Նիկողոսյանն ու Ա. Ղևոնդյանը, կասեցրել են Ավետիք Բուդաղյանի` ավտոմեքենայից իջնելը` հասկանալով, թե ինչ նպատակով է նա եկել այդտեղ, և ասել, որ մարզպետը տանն է, քնած է, և առաջարկել են Ավետիք Բուդաղյանին տուն գնալ` առավոտյան հանդիպելու առաջարկով: Տեսնելով Զ. Նիկողոսյանին` Բուդաղյանը ավելի է վրդովվել: Նկատելով Ավետիք Բուդաղյանի վրդովմունքը` Զ. Նիկողոսյանը մի քանի քայլ ետ է գնացել` կրքերը ավելորդ չբորբոքելու նպատակով: Բուդաղյանին են մոտեցել Լ. Բարսեղյանը, Տիգրան և Տրդատ Խաչատրյանները, Ն. Աբրահամյանը, Մարիետա Շալունցը և փորձել են համոզել Ավետիք Բուդաղյանին հեռանալ, հաջորդ օրը փորձել հանդիպել մարզպետին: Բուդաղյանը, սակայն, շարունակել է պահանջել մարզպետին ու Զ. Նիկողոսյանին` պնդելով, որ նրանք պետք է պատասխան տան` պահանջներին զուգահեռ տալով հայհոյանքներ և հնչեցնելով սպառնալիքներ: Ավետիք Բուդաղյանի ավտոմեքենային մոտեցած Ն. Աբրահամյանը բացել է ավտոմեքենայի աջ դուռը և նկատել, որ Բուդաղյանի աջ ձեռքը դրված է ավտոմեքենայի փոխանցման տուփի մոտ գտնվող ատրճանակի վրա:
Ավետիք Բուդաղյանի ագրեսիվ պահանջատիրական կեցվածքը և նրա մոտ եղած զենքը վախի մթնոլորտ են առաջացրել Լ. Բարսեղյանի, Տ. Խաչատրյանի և մյուսների մոտ, որոնք Բուդաղյանի գնալուց հետո իրենց մտահոգություններն են հայտնել տանը եղած մյուս անձանց: Հեռանալով Ս. Խաչատրյանի առանձնատան մոտից` Ավետիք Բուդաղյանը գնացել է եղբոր` Արտակ Բուդաղյանի տուն և պատմել նրան, որ մարզպետն ու Զարզանդը Սդղի գյոլից վերադառնալիս իր նկատմամբ բռնություն են գործադրել, ապա, դուրս գալով եղբոր տանից, նորից մեքենան վարել է Ս. Խաչատրյանի տան ուղղությամբ: Ժամը 23:04-ին հասնելով Դավիթ Բեկի փողոցի Ս. Խաչատրյանի տան մոտ` կանգնեցրել է ավտոմեքենան, ապա նրան մոտեցած Զ. Նիկողոսյանին ու մյուսներին հարցրել է, թե «Եղբայրս դեռ չի՞ եկել»: Ստանալով ժխտողական պատասխան` հեգնական տոնով շարունակել է, թե«ՙհիմա Արտակը կգա, կտեսնեք` ինչ է լինելու»:
Կարճ ժամանակ անց, այսինքն` երկու րոպե չանցած, 23:06-ի սահմաններում, Ս. Խաչատրյանի առանձնատանն է մոտցել Վազ 21-06 ավտոմեքենայով: Իջնելով ավտոմեքենայից` Արտակ Բուդաղյանը նախօրոք իր հետ վերցրած ՙԲեգաս Ավտո՚ որսորդական հրացանը ձեռքինª սպանության սպառնալիքներ է տվել Ս. Խաչատրյանի և նրա հարազատների հասցեին: Ընկալելով, որ զինված հարձակում է սկսվում, և մինչ այդ էլ եկած Ավետիք Բուդաղյանը, Նիկոլայի պատմելով, ատրճանակ ունի իր մոտ Տ. Խաչատրյանն ու Զ. Նիկողոսյանը շտապել են առանձնատան ուղղությամբ: Տ. Խաչատրյանը տան չհրկիզվող պահարանից, իսկ Զարզանդ Նիկողոսյանը «Lexus» ավտոմեքնեայից վերցրել են համապատասխանաբար հրացանը, իսկ Զ. Նիկողոսյանը` «Բրաունինգ» ատրճանակը` զինված հարձակումից պաշտպանվելու համար: Վերադառնալով իրադարձությունների կիզակետ` Տ. Խաչատրյանը լսել է, թե ինչպես է Արտակ Բուդաղյանը բոլորին ուղղված սպանության սպառնալիքները և ավելին` դիմում եղբորը` առաջարկելով զենք գործադրել, և երբ Արտակ Բուդաղյանը զենքը ձեռքին փորձ է արել առաջ գալ, Տ. Խաչատրյանը որսորդական հրացանից կրակոց է արձակել Արտակ Բուդաղյանի ուղղությամբ:
Ավետիք Բուդաղյանը, լսելով եղբոր ուղղությամբ արձակված կրակոցը, իր ձեռքում ունեցած ատրճանակը պարզել է Տ. Խաչատրյանի ուղղությամբ և սպառնալով, որ սպանելու է նրան, վազել է նրա հետևից: Տ. Խաչատրյանը, հասկանալով, որ հարձակումը շարունակվում է, հանրության համար վտանգավոր ոտնձգության սպառնալիքից ոտնձգություն կատարող Ավետիք Բուդաղյանին վնաս պատճառելու դիտավորությամբ 2 անգամ կրակել է Ավետիք Բուդաղյանին ոտքերի ուղղությամբ և մարմնական վնասվածքներ պատճառել նրան: Կրակոցներն արձակելով` Տ. Խաչատրյանը դիմել է փախուստի` ատրճանակը ձեռքին առաջ շարժող Ավետիք Բուդաղյանի կրակոցներից խուսափելու նպատակով: Ն. Աբրահամյանը, փորձելով զինաթափել իր ուղղությամբ ատրճանակը պարզած և առաջ շարժվող Ավետիք Բուդաղյանին, հարվածել է նրա ձեռքին, զենքը վայր է գցել և երբ փորձել է ոտքը դնել գետնին ընկած զենքի վրա, Ավետիք Բուդաղյանը գոտկատեղից հանել է նախապես լիցքավորված և կրակոց արձակելու համար պատրաստ «Բերետտա» ինքնաշեն հրազենը և կրակել Աբրահամյանի որովայնին` պատճառելով նրան ծանր մարմնական վնասվածք: Ավետիք Բուդաղյանը շարունակել է հետապնդել փախուստի դիմած Տ.Խաչատրյանին և մյուս անձանց` շարժվելով Ս. Խաչատրյանի առանձնատան ուղղությամբ: Տեսնելով, որ Արտակ և Ավետիք Բուդաղյաններն ամեն կերպ փորձում են իրականացնել իրենց կղոմից հնչեցրած սպանության սպառնալիքները` Զ. Նիկողոսյանը մի քանի անգամ կրակել է Ավետիք Բուդաղյանի ուղղությամբ և թաքնվել է առանձնատան բետոնե հենասյան հետևում: Ավետիք Բուդաղյանի` դեպի առանձնատունը կանխելու նպատակով Տ. Խաչատրյանը ևս մեկ կրակոց է արձակել նրա ուղղությամբ: Վերջինս էլ, փորձելով իրականացնել իր սպառնալիքները, կրակել է առանձնատան բետոնե հենասյան հետևում կանգնած Զ. Նիկողոսյանի ուղղությամբ, սակայն արձակված գնդակը դիպել է հենասյանը: Զ. Նիկողոսյանը ևս մեկ կրակոց է արձակել Ավետիք Բուդաղյանի ուղղությամբ և նրա կրակոցը համընկել է Ավետիք Բուդաղյանի շրջվելուն և վայր ընկնելուն:
– Ի վերջո, ինչո՞ւ են վիճել Ավետիք Բուդաղյանն ու Զարզանդ Նիկողոսյանը:
– Զարզանդ Նիկողոսյանի ցուցմունքում ասվում է. Սդղի գյոլից Գորիս իջնելիս` մեքենայի մեջ է եղել Ա. Բուդաղյանը: Մեքենայի մեջ կրկին հոգնածության և խմածության պատճառով` Ս. Խաչատրյանը քնել էր, մոտ 2-3 րոպե, այնուհետև աչքերը բացեց Ս. Խաչատրյանը, հարցրեց (իմ համոզմունքով` խմածության և հոգնածության պատճառով)` կողքին ով է նստած: Ես և Արագածը բնականաբար պատասխանեցինք, որ Ավոն է նստած: Նա էլ մեր վրա զայրացավ` ինչու ենք այսքան դանդաղ ընթանում, ինչու Ավոյին դեռ իրենց տուն չենք իջեցրել: Վայրկյաններ անց Ս. Խաչատրյանը նորից աչքերը փակեց և քնեց: Շատ զարմանալի էր ինձ համար, բայց Ավոն Ս.Խաչատրյանի այդ խոսքերից վատ զգաց և սկսեց ձեռքերով, բարձր տոնով խոսել այդ թեմայի շուրջ` վիրավորված, ես էլ շրջվելով` նրան նկատողություն արեցի, թե ինչու է վիրավորվել, դրան որևէ պատճառ չկա: Բացի այդ` կողքի նստած Ս. Խաչատրյանը քնած է: Բուդաղյանը իմ խոսքերից ավելի վիրավորվեց, ասաց, թե դու քեզանից ինչ ես ներկայացնում, որ ինձ ասես` ոնց խոսես: Ես էլ այդ պահին զայրացա, կրկին շրջվեցի դեպի հետ, ու քանի որ Ավոն նստած տեղից մարմնով առաջ էր եկել ինձ հետ խոսելու համար, ձեռքով երկու անգամ հարվածեցի նրա դեմքին:
– Եթե գործում որպես մեղադրյալներ լինեին անձինք, ովքեր կապ չէին ունենա Սուրիկ Խաչատրյանի հետ, քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կկայացնեի՞ք:
– Միանշանակ` այո’:
– Ձեր պրակտիկայում եղե՞լ են դեպքեր, երբ նույն պատճառաբանությամբ նախաքննության ընթացքում դադարեցրել եք քրեական հետապնդումը:
– Այո’: Իմ պրակտիկայում ես արել եմ:
– Տիգրան Խաչատրյանի պաշտպան Ռուբեն Սահակյանն ասել էր, որ տարբերակ կա, որ Արտակ Բուդաղյանի մասով ևս քրեական հետապնումը կարող է դադարեցվել:
– Հնարավոր է, եթե կողմերը հաշտվեն:
«168 ԺԱՄ»