Գալուստ Սահակյան. Ընդդիմության կողմնակիցները սև են դիտարկում ամեն ինչ, իշխանությունը՝ գունավոր
Մաքսային միությանը միանալու վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարությունից հետո դեռևս շարունակվում են կոշտ գնահատականներ հնչել Եվրոպայի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից: Չնայած դրան՝ ՀՀ իշխանությունները շարունակում են հայատարարել, թե բանակցությունները Եվրոպայի հետ շարունակվելու են:
168.am-ը ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանից հետաքրքրվեց, թե այդ հայտարարությունները չե՞ն հակասում միմյանց, ինչո՞ւ է Հայաստանը շարունակում խոսել երկխոսության շարունակական լինելու մասին:
Գ. Սահակյանը նախ չհամաձայնեց, որ Եվրոպայի գնահատականը կոշտ է և շեշտեց, որ այդ գնահատականները աստիճանաբար մեղմանում են: Ըստ նրա՝ Եվրոպան գիտի, որ Հայաստանը ՌԴ-ի հետ ամուր, լուրջ կապեր ունի՝ կապված անվտանգության, տնտեսության հետ:
Ինչ վերաբերում է այն տեսակետներին, թե Հայաստանը չի լսում Եվրոպայի արձագանքը և հայտարարում է, որ բանակցությունները շարունավում են, Գալուստ Սահակյանն ասաց. «Եթե ինչ-որ ձևով մարդիկ մտածում են, որ իրենք են ճիշտ, որ պետք է չնախաստորագրել, պետք է նպաստեն նախաստորագրմանը, չխոչընդոտեն: Մեր կարծիքը սա է: Քաղաքական շահարկումները, հակառակորդությունը, թշնամությունը ավելի վտանգավոր է… Բանից պարզվում է, որ քաղաքական գործիչներ կան, որոնք վատն են տեսնում ու վատի հրամայականով քաղաքական դիվեդենտներ են փորձում շահել: Մենք բարդ ճանապարհ ենք անցնելու՝ այո, խոչընդոտներ ունենք, բայց պետք է ոչ թե հիասթափեցնենք ժողովրդին, կրկնենք, որ ամեն ինչ վատ է՝ վատը վատագույն դարձնելով, այլ տրամաբանորեն շարժվենք:
Հարցրեք ձեր մոտիկներին՝ նրանք, ովքեր Եվրոպայի հետ կապ ունեն, ասում են՝ Եվրոպան է լավը, ովքեր Ռուսաստանի՝ Ռուսաստանն է լավ: Իսկ մենք ասում ենք, որ մեզ համար Հայաստանն է լավ: Մենք ոչ ռուսամետ ենք, ոչ եվրոպամետ կամ միայն մետ… Մեր լեքսիկոնից մետ-ը դուրս է: Մենք դրել ենք ուղիղ ճանապարհը՝ առանց որևէ մեկին խաբելու»:
Անդրադառնալով երեկ Աժ-ում տեղի ունեցած ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ու պատգամավորների հետ տեղի ունեցած փակ հանդիպմանը, որից հետո ընդդիմության ներկայացուցիչները հայտարարեցին, թե չեն ստացել իրենց հարցերի պատասխանները, Գ. Սահակյանն ասաց, թե պետք է կարողանալ չշահարկել իրավիճակը, բաժանել ամեն ինչ սևի և սպիտակի, ապա ընդգծեց.
«Պետք է կարողանանք եզրեր գտնել: Արտգործնախարարին հրավիրեցինք, խորհրդարանական ուժերն իրենց հարցադրուներով դիմեցին Էդվարդ Նալբանդյանին: Մեզ համար ակնհայտ էր, որ նրանք, ովքեր ասում էին «ոչ Մաքսային միությանը», դուրս եկան այդ քննարկումից ու ասացին, թե բան չհասկացան, որ իրենց մոտ ավելի խորացավ մեր տեսակետը: Սա ի՞նչ մոտեցում է. թշնաբար մոտենալ պետք չէ»:
Մեր հարցին, թե նկատի ունե՞ք, որ ընդդիմությունը Հայաստանի շահին դե՞մ է գործում, երբ հայտարարում է, որ բավարարված չէ Է. Նալբանդյանի պարզաբանումներով, ՀՀԿ փոխնախագահը նախ նշեց, թե դրական է համարում, որ նիստերի դահլիճում այլ կարծիք ևս հնչում է, ապա նշեց.
«Ամեն ինչ պետք է չափի մեջ լինի: Քաղաքական ուժերը ոչ թե պետք է իրար հետ կռվեն, թե ով է ճիշտ, ով սխալ, այլ՝ քննարկեն՝ հնարավորություն ստեղծելով որոշակի բանաձևումների: Այս օրերին ես զգացի, որ ընդդիմության կողմնակիցները սև են դիտարկում ամեն ինչ, իշխանությունը՝ գունավոր: Այստեղ գույների պետք չէ բաժանվել՝սա լուրջ գործընթաց է և ուժերը պետք է համատեղել»:
Դիտարկմանը, թե ինչպե՞ս համատեղել ուժերը, երբ նախագահը տվյալ խնդրով միայն ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի հետ է քննարկել այդ հարցը՝ առանց ընդդիմության, Գալուստ Սահակյանը հայտարարեց, թե Սերժ Սարգսյանը կարող էր անգամ ՀՀԿ-ի կամ ՕԵԿ-ի հետ չքննարկել այդ հարցը, քանի որ դա, ըստ Սահակյանի՝ նախագահի լիազորությունների շրջանակում է: Իսկ ԱԺ-ն, ՀՀԿ-ական պատգամավորի համոզմամբ, կքննարկի փաստաթղթերը:
Նա կոչ արեց չբաժանվել բանակների, հանդուրժողական մթնոլորտ ստեղծել: Ավելին՝ նա հորդորեց կարծիք հայտնել միայն նրանք, ովքեր ովքեր «գործից հասկանում են»: