Բաժիններ՝

Լեհաստանում կարող է գրանցվել բնակչության թվաքանակի անկման ռեկորդ

Լեհական Rzeczpospolita թերթի փոխանցմամբ՝ 2013 թվականի առաջին կիսամյակին 38 միլիոն բնակչություն ունեցող Լեհաստանում մահացությունը 20.000-ով գերազանցել է ծնելիությանը: Դա վատթարագույն ցուցանիշն է 1945 թվականին Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտվելուց ի վեր:

Լեհաստանի Գլխավոր վիճակագրական վարչության տվյալներով, այս տարվա առաջին վեց ամիսներին Լեհաստանում ծնվել է 183.000 երեխա, ինչը 9000-ով ավելի պակաս է՝ համեմատած նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի հետ:

Միևնույն ժամանակ մահացությունների քանակն ավելացել է 7600-ով՝ հասնելով մինչև 202.000-ի: Պարբերականն ընդգծում է, որ եթե այս միտումը պահպանվի նաև տարվա երկրորդ կիսամյակին, ապա մահացությունների քանակը ծնելիության մակարդակին կգերազանցի 40.000-ով, ինչը կլինի հետպատերազմյան վատագույն ցուցանիշը:

1945 թվականից հետո Լեհաստանում բնակչության անկում գրանցվել է 2002, 2004 և 2005 թվականներին, սակայն այդ ժամանակ մահացությունը շատ քիչ բանով է գերազանցել ծնելիությանը: Փորձագետները կարծում են, որ լեհերը խուսափում են երեխաներ ունենալուց, քանի որ մտավախություն ունեն ճգնաժամի ու գործազրկության վերաբերյալ, վստահ չեն իրենց ապագայի հարցում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս