Բաժիններ՝

Թուրքիայի մի շարք քաղաքներում անցկացվել են բողոքի ակցիաներ՝ կապված ցուցարարի սպանվելու հետ

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Ստամբուլի «Թաքսիմ» հրապարակում երեկ տեղի է ունեցել բողոքի ակցիա՝ կապված Հաթայ նահանգում անցկացված բողոքի ակցիայի ժամանակ 22-ամյա Ահմեթ Աթաքանի սպանվելու հետ:

Ստամբուլի ոստիկանությունը ցուցարարներին զգուշացրել է չհավաքվել, սակայն ցուցարարները չեն ենթարկվել և բախումներ են սկսվել նրանց միջև: Ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ կիրառել է արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ: Ցուցարարներն իրենց հերթին քարեր են նետել նրանց վրա:

Ձերբակալվել են մեծ թվով ցուցարարներ: Մի շարք ցուցարարներ վիրավորվել են: Լարվածությունը շարունակվել է մինչև ուշ երեկոյան: Ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» և «Խաղաղություն ու ժողովրդավարություն» կուսակցությունների պատգամավորները ցանկացել են գալ «Թաքսիմ» հրապարակ և մեխակներ դնել՝ ի հիշատակ Ահմեթ Աթաքանի, ինչպես նաև մամուլի համար հայտարարություններ անել:

Սակայն ոստիկանները Ֆրանսիայի հյուպատոսության առջև փակել են նրանց ճանապարհը և թույլ չեն տվել մուտք գործել «Թաքսիմ» հրապարակ: Ահմեթ Աթաքանի սպանվելու հետ կապված՝ բողոքի ակցիաներ են անցկացվել նաև Անկարայում, ուր նույնպես տեղի են ունեցել բախումներ ոստիկանության հետ: Ձերբակալվել է 12 մարդ:

Ահմեթ Աթաքանի սպանվելու հետ կապված՝ բողոքի ակցիաներ են անցկացվել Իզմիրում, Էսքիշեհիրում, Ադանայում, Չանաքքալեում, Բուրսայում, Քոջաելիում, Քայսերիում, Զոնգուլդակում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս