Ռուսաստանը պատրաստ է Իրանին հատկացնել Антей-2500 հրթիռային համակարգերի 5 դիվիզիոն

Ռուսական Коммерсант թերթի փոխանցմամբ՝ Ռուսաստանը պատրաստ է Իրանին հատկացնել Антей-2500 զենիթա-հրթիռային համալիրների 5 դիվիզիոն (С-300В-ի վերափոխված արտահանման տարբերակ)՝ պայմանով, որ Թեհրանը հետ վերցնի Рособоронэкспорт-ի դեմ ներկայացրած հայցը, որում պահանջում է 4 միլիարդ դոլարի փոխհատուցում՝ կապված Ռուսաստանի կողմից C-300 զենիթա-հրթիռային համալիրները մատակարարելուց հրաժարվելու հետ:

Այս մասին թերթին հայտնել է Կրեմլին մոտ կանգնած աղբյուրը: С-300-ների 5 դիվիզիոնի մատակարարման մասին պայմանագիրը Ռուսաստանի ու Իրանի միջև կնքվել է 2007 թվականի վերջին: Գործարքը գնահատվել էր 800 միլիոն դոլար:

Սակայն այն բանից հետո, ինչ ՄԱԿ ԱԽ-ը 2010 թվականի հունիսին ընդունեց Իրանին սպառազինություն մատակարարելը սահմանափակող թիվ 1929 բանաձևը, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը 2010 թվականի սեպտեմբերի 22-ին չեղյալ հայտարարեց Իրանին С-300-ների մատակարարման մասին պայմանագիրը՝ չնայած նրան, որ իրանական կողմն արդեն 167 միլիոն դոլարի կանխավճար էր տվել:

Պայմանագրի չեղյալ հայտարարումից և կանխավճարի վերադարձումից հետո Իրանը դիմեց միջազգային դատարան՝ պահանջելով 4 միլիարդ դոլարի փոխհատուցում: Իրանական կողմը պարզաբանել է, որ իրենք պահանջել են միայն 900 միլիոն դոլարի փոխհատուցում, իսկ մնացյալ 3 միլիարդ դոլարը դատարանն իր կողմից է ավելացրել:

Տեսանյութեր

Լրահոս