Նիկոլ Փաշինյան. Նախարարը չունի մեր հարցերի պատասխանները
Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ փակ հանդիպում-քննարկումից հետո ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե ՀՀ արտաքին գործերի նախարարը չունի իրենց հարցերի պատասխանները: Նա նշեց, որ քանի որ հանդիպումը փակ էր, ինքը կարող է միայն արձանագրել, որ Էդվարդ Նալբանդյանը ոչ մի հարցի չի պատասխանել, բովանդակային որևէ տեղեկատվություն չի փոխանցել.
«Ես բովանդակության մանրամասները չեմ կարող բացահայտել, բայց ասում էր ամեն ինչ, բացի նրանից, ինչ կապ ուներ հարցի և նրա բովանդակության հետ»:
Իսկ ԱԺ ամբիոնից էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Ինձ համար կարևոր էր հանդիպումը՝ հասկանալու համար՝ ի՞նչ է իրագործում ՀՀ գործող իշխանությունը, որից հետո միայն հնարավոր կլիներ ճշտել սեփական դիրքորոշումը: Ցավոք, պետք է արձանագրեմ, որ Էդվարդ Նալբանդյանը որևէ, ըստ էության, հարցի պատասխան չտվեց: Կամ տեղի ունեցողի մասին տեղեկատվություն չի կարող ներկայացնել կամ էլ ինքը տեղյալ չէ՝ ի՞նչ է կատարվում: Ուստի, արտահայտում եմ իմ հիասթափությունը և արձանագրում, որ հարցերը շարունակում են մնալ օրակագում»: