Մեծ Բրիտանիան չի մասնակցի Սիրիայի դեմ ռազմական գործողություններին. Սիրիայում ԱՄՆ միակողմ գործողությունները պաշտպանել է ևս 14 երկիր
Մեծ Բրիտանիան չի մասնակցի Սիրիայի դեմ ռազմական գործողություններին, այլ մտադիր է մեծացնել քաղաքական ճնշումը Բաշար Ասադի ռեժիմի վրա, այդ թվում` ՄԱԿ-ի շրջանակում, հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը: «Բրիտանիան որեւէ ռազմական գործողության չի մասնակցի»,-հայտարարել է նա:
Նա նշել է, որ Սիրիայում իրավիճակը կարող է լուծվել միայն քաղաքական ճանապարհով, Մեծ Բրիտանիան կշարունակի աշխատանքները` կողմերին երկխոսության ներգրավվելու ուղղությամբ:
«Ինչպես քննարկել ենք G20 –ի առաջնորդների, այդ թվում` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, Բրիտանիան կղեկավարի կողմերին երկխոսության մեջ ներգրավելու աշխատանքները, քանի որ քաղաքական կարգավորումը միակ ճանապարհն է` դեպի կայուն եւ ժողովրդավար Սիրիա»,-հայտարարել է նա:
Միջազգային լրատվամիջոցները տեղեկացնում են նաեւ, որ ԱՄՆ-ի կողմից Սիրիայում միակողմանի գործողությունների աջակցության հայտարարությունը ստորագրած երկրների թիվը երկուշաբթի հասել է մինչեւ 25 –ի: Ըստ Սպիտակ տան` հայտարարությանը միացած 14 նոր երկրներն են Ալբանիան, Խորվաթիան, Գերմանիան, Հոնդուրասը, Լատվիան, Լիտվան, Դանիան, Էստոնիան, Հունգարիան, Մարոկկոն, Կատարը, Ռումինիան եւ ԱՄԷ-ն: