Գալուստ Սահակյանը՝ Սերժ Սարգսյանին ԱԺ հրավիրողներին. «Մի քիչ պլանկան շատ բարձ են վերցրել»

168.am-ի հարցազրույցը ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի հետ

– ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում առաջարկեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին ներկայանալ խորհրդարան՝ պարզաբանելու Մաքսային միությանն անդամագրվելու որոշումը: Ընդառաջ կգնա՞ք ընդդիմության առաջարկին:

– Չեմ կարծում, որ խնդիր կա, որ Էդվարդ Նալբանդյանը կամ Սերժ Սարգսյանը գան խորհրդարան: Բայց քանի որ կարծիքներ են հնչում, առաջարկում են, որ իրենք գան, ԱԺ նախագահն ասաց, որ ինքը հնարավոություններ կստեղծի և Է. Նալբանդյանը կհանդիպի շահագրգիռ պատգամավորների հետ:

– Իսկ Սերժ Սագսյանը հնարավո՞ր է՝ հանդիպի պատգամավորների հետ:

Կարդացեք նաև

– Մի քիչ պլանկան շատ բարձ են վերցրել: Պատշաճ չէ, որ ամեն տեղից վերկացողը ասի՝ թող Սերժ Սարգսյանը գա խորհրդարան, ի վերջո, պետական խոշորագույն ինստիտուտ է ներկայացնում նախագահը:  Հասկանում եմ, որ փորձում են պարզաբանումներ ստանալ, բայց դրա հիմնական մարմինը ԱԳՆ-ն է: Ընդդիմություն է, խոսք է ասում: Հոխորտալով ասել, թե՝ տեսեք ինչքան զորավոր ենք, որ զորավորներին ենք դիմում, դատարկություն է, հնարք է ընդդիմադիր դաշտի կողմից:  Իմիջայլոց ասեմ, որ սրանից խուսափել չէր կարելի, որովհետև քննարկվող խնդիրներ կան, որոնք կարծիքների պակաս չունեն: Այդ կարծիքները նպաստավոր պայմաններ են ստեղծում, որ վերջնական որոշումներն ավելի դիտարկելի լինեն: Ես չեմ կածում, որ Սերժ Սարգսյանը պետք է կուսակցություն-կուսակցություն ման գա, որ նրանց հարցնի: Նախագահը սահմանադրությամբ սահմանված իր լիազորություններն ունի, ցանկացած միջպետական պայմանագիր կարող է ստորագրել: Բայց վերջնական խոսքը ԱԺ-ինն է՝ պայմանագրերը վավերացնելու առումով:

– Պարոն Սահակյան, ընդդիմությունը մեղադրում է իշխանությանը, որ մինչև որոշումն ընդունելը իրենց հետ չեն հանդիպել, չեն տեղեկացրել: Ինչո՞ւ ոչ իշխանական ուժերի հետ հանդիպում չի եղել:

– Դրա խնդիրը չկա: Սերժ Սարգսյանի պարագայում գործողությունների պատասխանատվությունը և ինքն է իր վրա վերցնում և այն քաղաքական ուժերը, որոնք իշխանական կոալիցիայի կազմում են: Այնպես չի լինում, որ դատողություններ անես, ուրիշը  պատասխանատվություն վերցնի և քո դատողություններով ճանապարհ անցնի: Ընդհանուր առմամբ նախագահի այցը ՌԴ, հանդիպումը Պուտինի հետ, մոտեցումները Մաքսային միության հետ կապված, քաղաքական դիրքորոշման արտահայտություն էր միայն ՌԴ հետ: Այսինքն՝ ՌԴ-ն նաև դերակատարում ունի, որ մյուս երկու գործընկերների հետ փորձի պայմանավորվածություններ ձեռք բերել, քանի որ Հայաստանը  ընդհանուր սահման չունի Ռուսաստանի հետ: Այս դեպքում կձևավորվի մեկ այլ մոդել: Մեսիջները, որոնք արվել են սենսացիաների տեղիք չպետք է տան: Արդյոք այսօր իմացա՞ն, որ մենք ՀԱՊԿ անդամ ենք, որ ՀՀ-ՌԴ փոխհարաբերությունները բավական ամուր են, որ մեր շուկան հիմնականում ՌԴ-ինն է, որ մեր անվտանգության գործոնը նաև Ռուսաստանն է… Սրանով հանդերձ որոշումը սենսացիա չէ: Այն հայտարարությունները, թե իբրև անակնկալի են եկել նաև ԵՄ համապատասխան կառույցների ղեկավարները, այդպես չէ, որովհետև նրանց հետազոտող մարմինները գիտեն ՀՀ-ՌԴ հարաբերությունների մասին:

Այնուհանդերձ, նրանք, ովքեր հոխորտալով, առաջ ընկնելով խոսում էին, զգացին, որ Հայաստանը կշարունակի բանակցել Եվրոպահի հետ, կմասնակցի վավերացմանը ԵՄ 28 պետությունների կողմից: Իհարկե, խնդիրներ, վտանգներ կան: Ժամանակին՝ կարծես 96-ին, երբ փաստաթուղթ էր ստորագրվում, վավերացվում այն մասին, որ ռուսական սահմանապահ զորքերը պահպանեն նաև ՀՀ սահմանը, միայն ՀՀԿ պատգամավորները դեմ քվեարկեցին: Այն ժամանակ բոլորը մտածում էին, որ դա կարելի է: Այն ժամանակ կարելի էր ռուսի ոտքը մեր երկում լիներ, հիմա ամեն մեկը, ով չգիտես որ աստառից է սնվում եվրոպաներում կամ ժառանգներին երևի եվրոական կրթություն է տվել, փայլուն ապագա է սպասում Եվրոպայից: Մենք էլ ենք սպասում, բայց կա ազգային շահն ու դրա պատասխանատուները: Այսօրվա գլխավոր պատասխանատուն կառավարությունն է, երկրի նախագահը, ՀՀԿ-ն և նրա կոլալիցիոն շրջանակները:

– Համամի՞տ եք Լևոն Տեր-Պետրոսյանի այն կարծիքին, թե Մաքսային միությանը անդամակցելը «ձախորդ քայլ է և նույնիսկ ավելի նվաստացուցիչ է, քան 1918թ. Բաթումի պայմանագիրը»:

– Չէի ուզում էպիգրամներ վերագրել նրան՝ հաշվի առնելով, որ առաջին նախագահն է: Ինքը նվաստատցուցիչ է համարում, ուրեմն պետք է ուղիներ ցույց տա, ինչը չկարողացավ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30