Ալեքսեյ Նավալնին պահանջել է անցկացնել Մոսկվայի քաղաքապետի ընտրությունների երկրորդ փուլ
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվայի քաղաքապետի ընտրությունների նախնական արդյունքներով առաջատար Սերգեյ Սոբյանինը մյուս թեկնածուներին կոչ է արել թույլ չտալ կիրակնօրյա ընտրություններից հետո իրենց կողմնակիցների դիմակայություն:
Նախնական տվյալներով՝ հաշվարկվել է քվեների ավելի քան 98 տոկոսը, և Սոբյանինը ստացել է քվեների 51.15 տոկոսը, ինչը նշանակում է, որ չի լինի երկրորդ փուլ: Մինչդեռ ընդդիմադիր թեկնածու Ալեքսեյ Նավալնին ստացել է քվեների միայն 27.37 տոկոսը:
Նավալնին արդեն իսկ հրաժարվել է ճանաչել նախնական արդյունքները և հայտարարել է, որ պետք է անցկացվի ընտրությունների երկրորդ փուլ: Սոբյանինն իր հերթին հայտարարել է, որ այդ հարցով պետք է դիմել ընտրական հանձնաժողովին: Նա կարևորել է թեկնածուների կողմից իրենց կողմնակիցների միջև բախումների կանխարգելումը:



