Եվրոպան սկսում է փակել դուռը

Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու մասին սեպտեմբերի 3-ին հնչած հայտարարությունից հետո Եվրոպայի արձագանքը փոփոխական էր ու շարունակում է այդպիսին լինել: Մոսկվայում նախագահ Սերժ Սարգսյանի ու Վլադիմիր Պուտինի հանդիպմանը հետևած եվրոպական պաշտոնյաների ու քաղաքական գործիչների առաջին հայտարարությունները ավելի շատ հուսահատություն ու Հայաստանի՝ եվրաինտեգրումն ավարտված համարելու նոտաներ էին պարունակում: Հաջորդ մեկ-երկու օրերին եվրոպական տարբեր կառույցներից հնչող հայտարարությունների տոնը որոշակիորեն փոխվեց, ինչը նաև Հայաստանում շատերին հիմք էր տալիս հույս հայտնելու, որ Եվրամիությունը ամբողջությամբ փակված չի համարում նոյեմբերին Վիլնյուսում գոնե Ասոցացման համաձայնագիրը նախաստորագրելու հնարավորությունը:

Երեկ, սակայն, հնչեց Եվրամիության ամենաբարձրաստիճան և Հայաստանի եվրաինտեգրման հարցով ամենապատասխանատու պաշտոնյաներից մեկի՝ Եվրոպական հանձնաժողովի Ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի գնահատականը, որը գրեթե վերջակետ է դնում գոնե այս փուլում ԵՄ-ի հետ թեկուզ հռչակագրային մակարդակում ասոցացման հնարավորություններին:

«Մենք մնում ենք մեր դիրքորոշմանը` նոր իրավիճակի հետ կապված: Սակայն, այդուհանդերձ, Մաքսային միությանը միանալու Հայաստանի ընտրության ֆոնին դժվար է պատկերացնել նոյեմբերին Վիլնյուսի գագաթաժողովում Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը, ինչպես նախատեսված էր` ըստ բանակցությունների արդյունքների: Հիմք ընդունելով այն տեղեկությունը, որն այժմ ունենք, Մաքսային միության հանդեպ ստանձնած պարտավորությունների համատեղումը Ասոցացման և Խորը ու համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրով նախատեսված պարտավորությունների հետ թվում է խնդրահարույց»,- ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանի հետ Բրյուսելում կայացած հանդիպումից հետո, ըստ Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական կայքի տարածած հաղորդագրության, ասել է Շ. Ֆյուլեն: Ուշագրավ է, որ նույն հանդիպման մասին ՀՀ արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ Ֆյուլեի հայտարարությունը բացակայում է:

Տեսանյութեր

Լրահոս