ԵԽԽՎ-ի նախընտրական դիտորդական առաքելությունը սեպտեմբերի 11-ին կժամանի Բաքու
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԽԽՎ նախընտրական դիտորդական առաքելությունը սեպտեմբերի 11-13-ին այցելելու է Ադրբեջան՝ ծանոթանալու համար հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում անցկացվելիք նախագահական ընտրություններից առաջ ընտրական կամպանիայի ընթացքին:
Եվրոպայի Խորհրդից հայտնել են, որ պատվիրակությունը բաղկացած է լինելու 7 պատգամավորից, որոնց գլխավորելու է բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Վալտերը: Պատվիրակությունը գնահատական կտա Ադրբեջանում առկա նախընտրական իրավիճակին:
Պատվիրակությունը հանդիպումներ է ունենալու նախագահ Իլհամ Ալիևի, նախագահի մյուս թեկնածուների, Ժողովրդավարական ուժերի Ազգային խորհրդում ընդգրկված ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների հետ:
Բացի այդ, այցի ծրագրում ներառված են նաև հասարակական կազմակերպությունների ու ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպումներ: Այցի արդյունքներով առաքելությունը հաշվետվություն է հրապարակելու Ադրբեջանում տիրող նախընտրական իրավիճակի շուրջ: