Սուրեն Խաչատրյանի որդու նկատմամբ քրեական հետապնդումը վերացնելու միջնորդության քննարկումը հետաձգվել է
Սուրեն Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ քրեական հետապնդումը վերացնելու միջնորդության քննարկումը հետաձգվել է: Այսօր ԳԱԼԱ-ի հետ զրույցում այս մասին հայտնել է Տիգրան Խաչատրյանի փաստաբան Մարտին Զիլֆուղարյանը և հավելել, որ իրենք միջնորդել են նաև, որ եթե ինչ-ինչ պատճառներով դա այս պահին անհնար է, ապա փոխվի նրա խափանման միջոց կալանքը:
Փաստաբանը նշել է, որ այսօր ինքը միջնորդություն է ներկայացրել, որ փոխվի նաև Զարզանդ Նիկողոսյանի խափանման միջոցը և վերջինիս նկատմամբ ևս դադարեցվի քրեական հետապնդումը: «Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելը ի սկզբանե սխալ է եղել»,- համոզված է փաստաբանը:
Զիլֆուղարյանը տեղեկացնում է, որ արդեն պատրաստ են համալիր փորձաքննության արդյունքները, որոնք ներառում են 9 փորձաքննություններ:
Փաստաբանը, հաշվի առնելով նախաքննության գաղտնիության պահպանման հանգամանքը, չի կարող հրապարակել դրանք ամբողջությամբ, սակայն ասում է, որ դա հնարավորություն է տալիս համոզվելու, որ իրենց՝ նախաքննական մարմնին ներկայացրած միջնորդությունները հիմնավոր են: «Չնայած մինչ այդ էլ մենք համոզված էինք, որ ճիշտ ենք, սակայն արդեն փորձաքննության արդյունքները ավելի հիմնավոր են դարձնում մեր համոզմունքներն ու գործողությունները»,- ասում է նա:
Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում: