Իրանի պաշտպանության նախարարը բացառել է զինված ուժերի ուղիղ մասնակցությունը Սիրիայում հնարավոր ռազմական միջամտությանը
Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը մինչև վերջ աջակցելու է Սիրիային՝ կապված ԱՄՆ-ի գլխավորած դաշինքի կողմից հնարավոր ռազմական գործողության հետ: Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահակազորի մեջ մտնող «Ալ-Քուդս» էլիտար ստորաբաժանման հրամանատար, գեներալ Կասեմ Սուլեյմանին.
«ԱՄՆ-ը չի ձգտում պաշտպանել մարդու իրավունքները Սիրիայում, նրա նպատակը (Իսրայելին) դիմադրության ուժերի ոչնչացումն է: Նախագահ Բաշար Ասադին գահընկեց անելու համար Վաշինգտոնի իշխանություններն օգտագործում են ինչպես քաղաքական ճնշում, այնպես էլ հատուկ մեթոդներ՝ ներառյալ «Ալ-Քաիդայի» զինյալներին Սիրիա ուղարկելը:
Վստահ եմ, որ Սիրիայի վրա հարձակվելու նպատակով Սպիտակ տան հնարած վերջին արդարացումն անհրաժեշտ արդյունք չի տա ամերիկացիներին: Սիրիական ընդդիմության զինյալների 95 տոկոսն օտարազգիներ են, իսկ մնացյալ մասը ներկայացնում են սիրիական զինված ուժերի դասալիքներն ու տեղի իսլամականները»:
Նշվում է, որ Իրանի պաշտպանության նախարար Հոսեին Դեհգանը բացառել է Սիրիայում հնարավոր ռազմական միջամտությանը Իրանի զինված ուժերի ուղիղ մասնակցությունը՝ ընդգծելով, որ սիրիացիներն ունեն հակաօդային պաշտպանության իրենց համակարգերը: