Լիտվայի նախագահը Հայաստանը չի հիշատակել այն երկրների թվում, որոնց հետ ԵՄ-ը հուսով է նախաստորագրել Ասոցացման համաձայնագիր
Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն այսօր Հայաստանը բացառել է այն երկրների թվից, որոնց հետ ԵՄ-ը հուսով է Ասոցացման համաձայնագիր նախաստորագրել այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» երկրների գագաթաժողովում:
Գրիբաուսկայտեն ուղիղ չի հայտնել, որ ԵՄ-ն այլևս որևէ հույս չի կապում Հայաստանի հետ, սակայն դա բխել է Լիտվայի խորհրդարանում ներկայումս ընթացող ԵՄ-ի միջազգային հարցերով ու անվտանգության քաղաքականության վերաբերյալ միջխորհրդարանական կոնֆերանսի մասնակիցներին ուղղված նրա խոսքերի համատեքստից:
Իր ելույթում Գրիբաուսկայտեն զգալի ուշադրություն է հատկացրել «Արևելյան գործընկերություն» նախագծի վրա, սակայն այն երկրների թվում, որոնց հետ ԵՄ-ը պետք է նախաստորագրի կամ ստորագրի Ասոցացման պայմանագիր, ընդհանրապես չի հիշատակել Հայաստանը: Փոխարենը նա հիշատակել է Ուկրաինան (ստորագրում), Վրաստանն ու Մոլդովան (նախաստորագրում):