Պենտագոնը մշակել է քիմիական զենքը տեղում ոչնչացնող շարժական համակարգ
Defense News-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում մշակել են շարժական համակարգեր, որոնք հնարավորություն կտան ոչնչացնել քիմիական զենքը՝ նրա իսկ հայտնաբերած տեղում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության մամլո քարտուղար Ջենիֆեր Էլզեան:
Նշվում է, որ Պենտագոնը 1990-ական թվականներից վերահսկում է քիմիական զենքի ոչնչացումը, և որ ամերիկացի զինվորականները քանիցս երկրի օբյեկտներում իրականացրել են քիմիական նյութերի ոչնչացում: Սակայն նոր համակարգի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն ունակ է քիմիական զենքը ոչնչացնել հենց նրա հայտնաբերման վայրում:
Համակարգը կարող է իր գործունեությունը սկսել փոխադրվելուց 10 օր անց: Համակարգը մշակվել է ԱՄՆ Մերիլենդ նահանգում գտնվող Քիմիա-կենսաբանական կենտրոնում: Այդ համակարգի հետ աշխատելը պահանջում է 15 մարդու առկայություն: Սարքը կարող է օրական ոչնչացնել 5-25 տոննա քիմիկատներ: Այս համակարգը կարող է օգտագործվել Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման համար: