Զուրաբ Աբաշիձեի ու Գրիգորի Կարասինի չորրորդ հանդիպումն անցկացվելու է սեպտեմբերի երկրորդ կեսին Պրահայում

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման գծով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի և Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի միջև հերթական (չորրորդ) հանդիպումը տեղի է ունենալու սեպտեմբերի երկրորդ կեսին, Պրահայում:

Այս մասին այսօր Թբիլիսիում լրագրողների հետ զրույցում հայտարարել է հենց Աբաշիձեն՝ ընդգծելով, որ հանդիպման ստույգ ժամկետը կհստակեցվի ավելի ուշ: Աբաշիձեի խոսքերով՝ գործնականում ավարտին է մոտենում բոլոր հարցերի լուծումը, որոնք նշմարվել էին երկկողմ ձևաչափով բանակցությունների սկզբին.

«Դա մասնավորապես վերաբերում է առևտրի ոլորտին: Արդեն իսկ ռուսական շուկա են վերադարձել Վրաստանում արտադրվող գինին ու հանքային ջուրը: Մինչև սեպտեմբերի վերջ կսկսվի վրացական գյուղմթերքի (ցիտրուսներ, բանջարեղեն, կանաչեղեն) արտահանումը Ռուսաստան:

Գործնականում արդեն իսկ լուծված է Վրաստանից Ռուսաստան ապրանքների փոխադրման գործընթացին վրացական տրանսպորտային ընկերությունների միանալու հարցը, ինչը նախկինում խնդրահարույց էր: Դա կնպաստի վրացական արտադրանքը Ռուսաստան արտահանելու դյուրացմանը և արտահանման ծախսերի կրճատմանը:

Երկկողմ երկխոսության դրական կողմ է նաև ռուս զբոսաշրջիկների քանակի աճը, որոնք այս տարի այցելել են Վրաստան, իչպես նաև այն, որ մոտ ապագայում ռուսական կողմը պլանավորել է դյուրացնել վիզային ռեժիմը: Դա մեծապես կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների հաստատմանը»:

Տեսանյութեր

Լրահոս