Պուտինն ու Սարգսյանը քննարկելու են Մաքսային միության և Ղարաբաղյան հակամարտության հարցերը. Յուրի Ուշակով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում հանդիպելու է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ և քննարկելու է մասնավորապես Մաքսային Միության և Եվրասիական միության տիրույթի հետ Հայաստանի փոխգործակցության հեռանկարները:

Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը: Ավելի վաղ նշվել էր, որ այդ հանդիպումը տեղի է ունենալու սեպտեմբերի 3-ին: Նախագահները քննարկելու են քաղաքական, առևտրա-տնտեսական, էներգետիկ և հումանիտար ոլորտներում փոխգործակցության հարցը:

Ուշակովի խոսքերով՝ քննարկվելու են նաև ՀԱՊԿ-ի շրջանակներում բազմակողմ համագործակցությանն առնչվող այժմեական հարցեր. «Ռուսաստանը Հայաստանի առաջատար արտաքին տնտեսական գործընկերն է (Հայաստանի արտաքին առևտրային հաշվեկշռում Ռուսաստանի մասնաբաժինը կազմում է 23.5 տոկոս): Քննարկվելու է ԱՊՀ տիրույթում ինտեգրացիոն գործընթացների զարգացման հարցը:

Դրական դինամիկա է նկատվում նաև ներդրումային ոլորտում: Ենթադրվում է, որ բանակցությունների կարևոր թեմա կհանդիսանան նաև Անդրկովկասում անվտանգության ու կայունության ապահովման հարցերը՝ ներառյալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ հետագա քայլերը»:

Հիշեցնենք, որ Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկերը ԵՄ-ն է: Հայաստանի ապրանքաշրջանառության մեջ ԵՄ-ի երկրների մասնաբաժինը կազմում է 32 տոկոս: 2012 թվականին նրանց միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 951 միլիոն եվրո:

Տեսանյութեր

Լրահոս