Շախմատի բյուրավանցի չեմպիոնը, որի «ծնունդին սպասել են 7 տարի»
Արարատի մարզի Արտաշատի շրջանի Բյուրավան գյուղի 13-ամյա պատանին՝ Եվրոպայի շախմատի կրկնակի չեմպիոն, 2011-12թթ. Հայաստանի պատանիների չեմպիոն Հայկ Մարտիրոսյանը, օրերս Մինսկում՝ հուլիսի 11-24-ն անցկացված բաց առաջնության ժամանակ 12 կետով իր վարկանիշը բարձրացրեց: Իսկ հուլիսի 23-24-ին անցկացված արագ շախմատի առաջնությունում, ուժեղ մրցակցության պայմաններում, հնարավոր 10 միավորից հավաքեց 8-ը և գրավեց առաջին տեղը:
168.am-ի հետ զրույցում շնորհալի հայ պատանու հայրը՝ Միքայել Մարտիրոսյանը, ով նաև Հայկի առաջին մարզիչն է, պատմեց, որ այժմ որդուն մարզում են միջազգային գրոսմայստերներ Արսեն Եղիազարյանը (սպորտի վաստակավոր մարզիչ, հիմնական մարզիչը) և Աշոտ Անաստասյանը:
«Հուլիսի 11-24-ն անցկացվող Մինսկի բաց առաջնությանը Հայաստանից մասնակցում էին միջազգային գրոսմայստերներ Արտաշես Մինասյանը, Սամվել Տեր-Սահակյանն ու Հովհաննես Գաբուզյանը: Տղայիս հաղթանակը Հայաստանի և մեր ընտանիքի հաղթանակն էր, ինչի համար շատ հպարտ ենք: Երկու դուստր ունեինք, և Հայկի ծնունդին 7 տարի սպասել էինք»,- ասում է Միքայել Մարտիրոսյանը, ով Արարատի մարզի գլխավոր մարզիչն է:
Շնորհավորում ենք մեր տաղանդավոր պատանի համերկրացուն: