Բաժիններ՝

Բուժհիմնարկները Սերժ Սարգսյանի խոսքը «գետնով չեն տվել». «Նաիրի» ԲԿ-ն հայտնվել է խոշոր հարկատուների ցանկում

Անցած տարի առողջապահության ոլորտում չարաշահումների բացահայտումների ու ստվերի դեմ պայքարի կոչերի շքերթ էր: Է´լ վերին էշելոնների խորհրդակցություններ, է´լ դժգոհությունների տարափ, է´լ սև ցուցակների սպառնալիքներ, է´լ միլիոնավոր դրամների վերադարձ բյուջե, է´լ «Դերո»…

Արդյունքը, կարելի է ասել, իրեն սպասեցնել չի տվել. այս տարվա կիսամյակի տվյալներով 1000 խոշոր հարկատուների ցուցակում են հայտնվել բժշկական հիմնարկների 15 նոր անուններ, իսկ բուժհաստատությունների կողմից բյուջե վճարված հարկերի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ ավելացել է 3 անգամ: Ընդհանուր առմամբ՝ այս տարվա հունվար-հունիսին 27 բուժհաստատություններ միասին վճարել են 3.5 մլրդ դրամ հարկ:

Խոշոր հարկատուների ցուցակում առաջին անգամ հայտնվածների շարքում է նաև առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանին պատկանող «Նաիրի» բժշկական կենտրոնը, որի շուրջ անցած տարի թեժ քննարկումներ էին ծավալվում։ Խոսվում էր, մասնավորապես, այն մասին, թե ինչպես կարող է նման խոշոր կազմակերպությունն այդքան քիչ հարկեր վճարել, որ չի հատում անգամ 1000 խոշոր հարկատուների «ստորին շեմը»: Փաստորեն, «Նաիրին» շատ լավ կարող է, ընդամենը ցանկություն էր պետք: Ընդ որում, այս տարի ԲԿ-ն ոչ թե ստորին շարքերում է, այլ խոշոր հարկատուների մեջ 427-րդն է, իսկ խոշոր հարկատու բուժհիմնարկների մեջ՝ 10-րդը, և վճարել է 124 մլն դրամի հարկեր:

Ցուցակում հայտնված նոր անունների շարքում են նաև համեմատաբար զգալի հարկային ավանդ ունեցող ՀՀ ԱՆ Վ.Ա. Ֆանարջյանի անվ. ուռուցքաբանության ազգային կենտրոնը (315-րդ հոիզոնական, 171.5 մլն դրամ), «Սուրբ Ներսես Մեծ» գիտաբժշկական կենտրոնը (485-րդ հոիզոնական, 108 մլն դրամ)։ Ցուցակի երկրորդ կեսում են համեմատաբար փոքր վճարումներ կատարած կազմակերպությունները՝ Գյումրու, ՀՀ ԱՆ հոգեբուժական, «Քանաքեռ-Զեյթուն», Արտաշատի, Զարիշատ Արամ Մարտինի Մկրտչյանի անվան, Արմավիրի ԲԿ-ները, Թիվ 3 կլինիկական հիվանդանոց ԱՓԲԸ-ն, Հրազդանի ԲԿ-ն, Թիվ 2  բուժմիավորումը, Հակատուբերկուլյոզային դիսպանսերը, Աբովյանի, Մասիսի և Վլադիմ.Ավագյանի անվ. ԲԿ-ները:

Կարդացեք նաև

Ուշագրավ է նաև, որ նախորդ տարվա առաջին կիսամյակում խոշոր հարկատուների ցանկում եղած բուժկենտրոնները զգալի չափով բարելավել են իրենց դիրքերը՝ առնվազն կրկնակի ավելացնելով հարկային վճարումները: Օրինակ՝ Հ. Քուշկյանին պատկանող և բժշկական հաստատությունների «հիթ շքերթը» գլխավորող Էրեբունի ԲԿ-ն 273.8 մլն դրամի փոխարեն վճարել է 543.2 մլն դրամ: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ն հարկային պարատավորություններն ավելացրել է 3 անգամ և վճարել 310.7 մլն դրամ: ԱԺ պատգամավոր Արա Բաբլոյանի հետ փոխկապակցված «Արաբկիր» ԲԿ-ն ևս ետ չի մնացել իր ընկերներից ու գրեթե կրկնապատկել է վճարած հարկերը՝ հասցնելով 204.6 մլն դրամի:

Ակներև է, որ ԲԿ-ները «գետնով չեն տվել» Սերժ Սարգսյանի խոսքը, որ անցած տարի սեպտեմբերին խորհրդակցության ժամանակ դիմելով բուժհիմնարկների ղեկավարներին, հայտարարել էր, որ նրանք ցույց տան բուժաշխատողների ԻՐԱԿԱՆ աշխատավարձերը և վերացնեն ստվերը:

BK

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս