Ինչի՞ համար և ինչքա՞ն է պարգևատրել մարզպետարանի աշխատողներին մարզպետ Ղուլարյանը
tesankyun.am-ի փոխանցմամբ՝ հուլիսի 18-ին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը որոշում է ընդունել 2013թ. առաջին կիսամյակի արդյունքներով մարզպետարանի աշխատակազմի քաղաքացիական ծառայողներին պարգևատրել մարզպետարանի աշխատակազմի պահպանման «Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգեւատրում» հոդվածով նախատեսված միջոցներից՝ համաձայն որոշման հավելվածի: Նույն օրը մարզպետը մեկ այլ որոշում է ընդունել՝ մարզպետարանի աշխատակազմի հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց պարգեւատրել մարզպետարանի աշխատակազմի պահպանման «այլ վարձատրություններ» հոդվածով նախատեսված միջոցների հաշվին: Սույն որոշումների կատարումը մարզպետը հանձնարարել է մարզպետարանի աշխատակազմի ղեկավար, գլխավոր ֆինանսիստ Սվետլանա Դավթյանին:
Թեեւ մարզպետի որոշումներում նշված է դրանց հավելվածների մասին, սակայն մարզպետարանի ինտերնետային կայքում այդ հավելվածները չկան: Դրանցում, ըստ կայքի՝ հավանաբար պետք է նշված լինեին պարգեւատրվողների անունները, նրանց պաշտոնները, պարգևատրման գումարի չափը: Հարց է ծագում՝ ի՞նչ հաջողությունների համար են պետական բյուջեի սուղ միջոցներից պարգևատրվում մարզպետարանի աշխատողները՝ մարզի համայնքների բյուջեների, սեփական եկամուտների ցածր կատարողականի՞, մարզում գյուղատնտեսական շուկաների՞, մսի՞, բրդի՞, կաշվի՞, հավի ձվի մթերման կայանների՞, հակարկարկտային կայանների բացակայությա՞ն, սահմանամերձ մարզից շարունակվող արտագաղթի համա՞ր, թե՞…