Վրաստանը ցանկանում է, որ EuroNews-ը հեռարձակվի նաև վրացերենով
Business Грузия-ի փոխանցմամբ՝ այն բանից հետո, ինչ ԵՄ-ի հետ ավարտվեցին խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու ձևավորման շուրջ բանակցությունները, Վրաստանը մտադիր է ԵՄ-ի երկրներում սկսել գովազդել իր ներդրումային պոտենցիալը:
Այդ նպատակով Վրաստանի էկոնոմիկայի նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին հուլիսի 24-ին հանդիպել է եվրոպական EuroNews տեղեկատվական հեռուստաալիքի ղեկավարության հետ:
Վրաստանի կառավարության այսօրվա նիստի ավարտից հետո Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ Վրաստանը ցանկանում է, որ EuroNews-ը հեռարձակումներ սկսի նաև վրացերենով: Նախարարն ընդգծել է, որ դա կբարձրացնի Վրաստանի ճանաչելիությունը՝ որպես գրավիչ ներդրումային ուղղություն:
Նա հավելել է, որ EuroNews-ի գլխավոր տնօրենը երկարաժամկետ համագործակցության պատրաստակամություն է հայտնել: Ներկայումս EuroNews-ը հեռարձակվում է 13 լեզուներով: