Մովսես Հակոբյան. «Ադրբեջանը հնարավորություն չունի պատերազմ վերսկսել և հաղթել»
«Զինադադարը հարաբերական է բանակի համար, խաղաղության պայմանագրի մասին խոսք լինել չի կարող: Այս պահին ոչ ակտիվ պատերազմի մեջ ենք հակառակորդի հետ»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԼՂՀ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը` ավելացնելով, որ հակառակորդը ցանկացած իրավիճակում դիվերսիոն խմբերի միջոցով շարունակում է իրավիճակը լարված պահել: «Դիվերսիոն հետախուզության երկու փորձ կասեցվել է, ու հակառակորդը հետ է շպրտվել: Բացի այդ, երկու հազարով կրակոցների թիվը նվազել է»,- ասում է հրամանատարը` շեշտելով, որ դիպուկահարների գործողություններին ի պատասխան՝ հայկական կողմը լուրջ վնասներ է հասցրել հակառակորդին:
Իրավիճակն այլ է նաև տեխնիկայի համալրման հարցում: Այժմ զինամթերքի նոր պահեստ է կառուցվում, որն, ըստ Մ. Հակոբյանի, կարդարացնի բոլոր սպասելիքներն ու իր չափերով ավելի մեծ կլինի, քան բոլոր պահեստները միասին:
«Ադրբեջանը հնարավորություն չունի պատերազմ վերսկսել և հաղթել: Մտահոգիչ է և մտածելու տեղիք է տալիս Ադրբեջանի սպառազինությունը, և այդ հարցում մենք որոշակի աշխատանքներ ենք կատարում»,- ասաց Մովսես Հակոբյանը` ավելացնելով, որ մեր զինատեսակներն էլ են համալրվում:
Անդրադառնալով Ստեփանակերտի օդանավակայանի գործարկմանը, ԼՂՀ ՊԲ հրամանատարն ասաց, որ վերջին շրջանոմ ադրբեջանական դիվիզիան չորս հրամանատար է փոխել, որովհետև հայկական թռիչքների մասին տեղեկանում էին Արցախի հանրային հեռուստատեսության պատրաստած ռեպորտաժներից: «Մենք անընդհատ թռնում ենք, և արգելք չկա: Օրական 280 քաղաքացիական ինքնաթիռ ենք ուղեկցում Ադրբեջան և կարող ենք բոլորն էլ խոցել, բայց մենք դա չենք անում»,- ասաց Մ. Հակոբյանը: