Հմայակ Հովհաննիսյանը և Ազատ Արշակյանը վիճում են Եվրասիա-Եվրոպա երկընտրանքի շուրջ (տեսանյութ)
Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի և ՀՀ առաջին գումարման խորհրդարանի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի մասնակցությամբ կայացած մամուլի ասուլիսի հիմնական թեման Երևանի հասարակական տրանսպորտի սակագնի բարձրացման մասին որոշման հետևանքով ստեղծված հասարակական իրավիճակն էր: Սակայն ասուլիսի ավարտին բանախոսներն անցում կատարեցին Հայաստանի աշխարհաքաղաքական մարտահրավերների խնդրին` կես-կատակ, կես-լուրջ բանավիճելով եվրասիական և եվրոպական ինտեգրացիոն գործընթացների հարցի` եվրոպական և եվրասիական երկընտրանքի շուրջ:
«Մենք ունենք քաղաքակրթական դաշնակիցներ. մոսկովյան Ռուսաստանը մեր քաղաքակրթական դաշնակիցն է, Եվրոպան, գուցե Չինաստանը… Մենք չենք կարող մեր փոքրիկ Հանրապետությունով մեն-մենակ պայքարել մեր հակառակորդ ինտերնացիոնալի դեմ: Բայց այն, ինչ առաջարկում է Եվրասիան` մեզ վերադարձնել որևէ կայսրություն `որպես «армяшка», մենք դրանք դեմ ենք»,- ասաց Ազատ Արշակյանը: Սրան ի պատասխան` Հմայակ Հովհաննիսյանը ժպտալով նշեց, որ Ազատ Արշակյանի նման վերաբերմունքը գալիս է վերջինիս կողմից Խորհրդային Միության դեմ երկար տարիներ շարունակ մղած պայքարից, սակայն ԽՍՀՄ-ը վերացել է, բայց այդ վերաբերմունքը գիտակցության մեջ մնացել է:
«Հիմա ի՞նչ ես ասում, լա՞վ բան է էդ Եվրասիան»,- դիմելով Հ. Հովհաննիսյանին` հարցրեց Ա. Արշակյանը:
«Կա´մ ռուսները կստեղծեն Եվրասիական միությունը հայերի հետ միասին, և դա չի լինի ընդդեմ մեզ, կա´մ կստեղծեն թուրքերի հետ միասին, և դա կլինի ընդդեմ մեզ»,- պատասխանեց քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանը:
Մանրամասները` 168.am-ի տեսանյութում: