Անկարայում քննարկել են Սիրիայում «բուֆերային գոտու» և «ոչ թռիչքային գոտու» ստեղծման հնարավորությունները
Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիային սահմանակից քրդաբնակ շրջաններում իրավիճակի սրումը դարձել է երեկ Անկարայում գումարված անվտանգության արտահերթ գագաթաժողովի հիմնական թեման:
Թուրքիայի ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ այդ նիստը նախագահել է վարչապետ Ռեջեփ Էրդողանը: Դրանում քննարկվել է Սիրիայի հյուսիս-արևելյան հատվածում տիրող իրավիճակը, ուր կատաղի մարտեր են ընթանում քրդական ջոկատների և ծայրահեղական խմբավորումների միջև:
Տվյալ գագաթաժողովում դիտարկվել են թուրք-սիրիական սահմանին ստեղծված իրավիճակի հետ կապված գործելու բոլոր տարբերակները, այդ թվում նաև ռազմական տարբերակը: Ընդգծվել է, որ մարտերի չդադարելու պատճառով Թուրքիայի սահմանին առաջացել է լարվածություն:
Գագաթաժողովի մասնակիցները մասնավորապես ընդգծել են ռազմական տեսանկյունից սահմանամերձ գոտիների ամրապնդման կարևորությունը և մաքսանենգության դեմ պայքարի խստացումը:
Գագաթաժողովի ժամանակ քննարկվել են նաև Սիրիայի հյուսիսում «բուֆերային գոտու» և «ոչ թռիչքային գոտու» ստեղծման հնարավորությունները: Բացի այդ, քննարկվել է Սիրիայի սահմանին անդրսահմանային գործողություններ իրականացնելու մասին խորհրդարանի ընդունած որոշումը ևս մեկ տարով երկարաձգելու հարցը, որի ժամկետը լրանում է սեպտեմբերին: