Դեռևս պարզ չէ՝ ՀՀ ՄԻՊ-ը հանդիպե՞լ է Հրաչյա Հարությունյանին, թե՞ ոչ
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը երեկ մեկնել էր Մոսկվա Հրաչյա Հարությունյանի գործով: Պաշտպանի աշխատակազմի հայտարարության համաձայն՝ նախատեսվում էր պաշտպանի այցը Հրաչյա Հարությունյանին. նա պետք է հանդիպումներ ունենար նաև գործի հետ կապված անձանց հետ:
168.am-ը Կարեն Անդրեասյանի մամուլի խոսնակ Նաիրա Կարմիրշալյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ հանդիպումներ է ունեցել Կարեն Անդրեասյանը Մոսկվայում, արդյոք տեսակցե՞լ է Հրաչյա Հարությունյանին: ՄԻՊ խոսնակը ասաց, որ առայժմ իրենք էլ նորություն չունեն: Միաժամանակ ՄԻՊ խոսնակն ասաց, որ վաղը լուսաբացին Կարեն Անդրեասյանը կվերադառնա Մոսկվայից և հանդես կգա մամուլի ասուլիսով:
Հիշեցնենք. որ հուլիսի 13-ին` ժամը 13:00-ին, «Նոր Մոսկվա»-ում` Պոդոլսկ գյուղի մոտակայքում, մանրախճով բեռնված «Կամազ» մակնիշի բեռնատար մեքնենան դուրս է եկել ճանապարհից և բախվել քաղաքային ավտոբուսին` այն բաժանելով երկու մասի: Ավտովթարի արդյունքում զոհվել է 18 մարդ և ավելի քան 60-ը վիրավորվել են: Հրաչյա Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել երթևեկության անվտանգության կամ շահագործման կանոնները խախտելու համար, ինչն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ: Դատարանի որոշմամբ՝ Հրաչյա Հարությունյանը երկու ամսով կալանավորվել է, իսկ կալանավրման մասին որոշում կայացնելիս նրան դատարան էին ներկայացրել կանացի խալաթով: