Հայտնաբերվել է միջնադարյան հսկայական եկեղեցու սկզբնական հատակը
Հյուսիսային Սուդանում հնագետները հայտնաբերել են միջնադարյան Հիսուսի Մեծ եկեղեցու սկզբնական հատակը։ Այն համարվում է միջնադարյան Նուբիայի ամենամեծ քրիստոնեական եկեղեցիներից մեկը։
Լեհ-սուդանական հնագիտական արշավախումբը պեղումների ընթացքում հայտնաբերել է 11 մետր բարձրությամբ պատերով աստիճանավանդակ, որը տանում է դեպի եկեղեցու սկզբնական հատակը։ Եկեղեցին հայտնաբերվել էր դեռևս 2021 թվականին, սակայն դրա մեծ մասը մինչ օրս ծածկված է հողով։


Հնագետների գնահատմամբ՝ կառույցը մոտ 47 մետր լայնություն և 57 մետր երկարություն է ունեցել՝ իր չափերով գերազանցելով Սպիտակ տունը։ Գիտնականները եկեղեցին համեմատում են Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարի հետ՝ նշելով, որ այն կարևոր դեր է ունեցել միջնադարյան Նուբիայի և Հյուսիսարևելյան Աֆրիկայի ճարտարապետության զարգացման գործում։

