Իսրայելի բանակը հայտարարել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի չորս զինյալի ոչնչացման մասին
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱՀԱԼ) հայտնել է, որ անցած ուրբաթ Գազայի հատվածի կենտրոնական մասում ավիահարվածների հետևանքով ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի չորս անդամի։
Իսրայելական բանակի մամուլի ծառայության տվյալներով՝ նրանցից երեքը՝ Յուսեֆ Այիդին, Մուստաֆա Հասան Ավինին և Մահմուդ Աբու Խուվեյշելը, հավաքվել էին՝ Իսրայելի քաղաքացիների և զինծառայողների դեմ հարձակումներ ծրագրելու համար։
ՑԱՀԱԼ-ի պնդմամբ՝ Այիդին զբաղեցրել է «Նուխբա» ստորաբաժանման հրամանատարի տեղակալի պաշտոնը և մասնակցել հոկտեմբերի 7-ի հարձակմանը։ Ավինին դիպուկահար է եղել, իսկ Աբու Խուվեյշելը՝ հակատանկային համալիրների օպերատոր։
Մեկ այլ ավիահարվածի հետևանքով սպանվել է նաև Դիաբ ալ-Ռահման Ռադին, որը, իսրայելական կողմի տվյալներով, պատասխանատու էր խմբավորման կարիքների համար դրամական միջոցների փոխանցման համար։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ սպանված անձինք զբաղվել են հարձակումների նախապատրաստմամբ և ՀԱՄԱՍ-ի ռազմական ներուժի վերականգնմամբ՝ խախտելով հրադադարի ռեժիմը։ ՑԱՀԱԼ-ը նաև ընդգծել է, որ շարունակելու է գործողությունները՝ անմիջական սպառնալիքները վերացնելու նպատակով։

