«Արտիստը պետք է միշտ մտածի, թե ինչ է տալիս հանդիսատեսին»
Հարցազրույց «Հայաստանի ձայնը» նախագծի մասնակից Նարեկ Մակարյանի հետ:
– Նարեկ, որքանով տեղյակ եմ` հիմա Դուք Մոսկվայում եք գտնվում, գործնակա՞ն նպատակով եք այնտեղ, թե՞ անձնական:
– Այո, Մոսկվայում եմ: Համերգի հրավեր ունեցա: Հուլիսի յոթին «Ռիո» նավի վրա շրջում էինք Մոսկվա գետով և երգում հայ և ռուս հանդիսատեսի համար: Նման բան հայ հանդիսատեսի համար երբևէ չէր եղել:
– Վերջերս մասնակցում էիք «Հայաստանի ձայնը» նախագծին, և կարելի է ասել, որ նախագիծը Ձեզ հնարավորություն տվեց ավելի լայն շրջանակներին հայտնի դառնալ: Եթե մրցույթը դիտարկենք կրթելու տեսանկյունից, ապա ի՞նչ տվեց այն Ձեզ:
– «Հայաստանի ձայնը» նախագիծն ինձ հնարավորություն տվեց, որ կարողանամ հանդիսատեսին ինձ տարբեր կողմերից ցույց տալ, ստիպեց որպես արտիստ հետաքրքիր լինել ամեն անգամ ելույթ ունենալիս, ստեղծել նոր կերպարներ, creative լինել: Հակիրճ ասած՝ ավելի պրոֆեսիոնալ դարձա: Այդ ամենը թիմային աշխատանքի շնորհիվ էր՝ իմ և իմ մարզչի՝ Սոֆիի հետ համատեղ:
– Առհասարակ ինչպե՞ս եք վերաբերվում մրցույթներին, ինքներդ կարևորո՞ւմ եք տարբեր տեղական կամ միջազգային մրցույթներին մասնակցություն ունենալը:
– Մանկուց մրցույթներին կարևորություն եմ տվել, կարծես մրցույթները քննության պես մի բան լինեն, որին պետք է պատրաստ լինել: Ես տասը տարեկանից մասնակցում եմ միջազգային մրցույթների և դեռ շարունակում եմ (ժպտում է.- Գ.Ա.):
– Կարելի է ասել, որ Դուք արդեն շոու-բիզնեսում լուրջ քայլեր եք կատարում: Հե՞շտ է այդ ոլորտում քայլեր ձեռնարկել, խանգարող հանգամանքներ կա՞ն:
– Շոու-բիզնեսը շատ բարդ ասպարեզ է, որտեղ կան լավ արտիստներ: Կարող եմ ասել՝ մրցակցությունը մեծ է: Բարդությունը նրանում է, որ դու պետք է տարբեր լինես քո գործընկերներից, ունենաս քո ոճը, քո կերպարը, որ քեզ չնմանեցնեն մեկ այլ երգչի: Սա շատ կարևոր է: Ինչ վերաբերում է լուրջ քայլերին, հայկական շոու-բիզնեսում, կարելի է ասել, ամեն ինչ դեռ առջևում է: Գտնվելով Մոսկվայում՝ աշխատում եմ նոր նախագծի վրա, որը շուտով եթերում կտեսնեք: Բնականաբար, դեռ փակագծերը չեմ բացի:
– Ձեզ ո՞ր ոճում եք պատկերացնում, և արդյոք կշարունակե՞ք նույն ոճում ստեղծագործել:
– Ես ինձ պատկերացնում եմ փոփ ոճում և հստակ կշարունակեմ այն ոճում, որում սիրվել եմ հանդիսատեսի կողմից: Երգեր կլինեն, որոնք այլ ոճերում կերգեմ, սակայն հիմնովին կլինեմ փոփ ժանրում:
– Ո՞ր ոճում երբեք հանդես չեք գա:
– Չկա այնպիսի ոճ, որն ինձ դուր չգա: Ամեն ժանրի մեջ կան լավ ու վատ երգեր, որոնք հանդիսատեսին արժե ներկայացնել և չարժե:
– Առհասարակ ինչպե՞ս եք վերաբերվում էքսպերիմենտներին:
– Էքսպերիմենտներն իմ կյանքում միշտ կան, ու ես շատ եմ սիրում նորը փորձել, անգամ «Հայաստանի ձայնը» նախագծում շատ էքսպերիմենտներ եմ արել: Օրինակ՝ երգել եմ Սայաթ-Նովա, երբեք նման ոճում ինձ չէի փորձել: Կարծում եմ՝ ստացվեց (ժպտում է.- Գ.Ա.):
– Կարծում եմ` արդեն երկրպագուների մեծ բանակ ձևավորված կլինի: Ի՞նչ եք կարծում` հե՞շտ է հայտնի և սիրված լինելը:
– Հայտնի և սիրված լինելը նշանակում է՝ ունենալ մեծ պատասխանատվություն քո հանդիսատեսի առաջ, լինել այնպիսի մարդ, որ քեզանից օրինակ վերցնեն, երեխաներն ուզենան քեզ նմանվել, և այլն: Արտիստը պետք է միշտ մտածի, թե ինչ է տալիս հանդիսատեսին:
– Երկրպագուների հետ կապված ի՞նչ հետաքրքիր պատմություններ են եղել:
– Շատ հետաքրքիր պատմություններ կան, օրինակ՝ երկրպագուներիցս մեկը շատ էր ուզում ինձ հետ ամուսնանալ: Մի քանի օր շարունակ գալիս էր մեր տան մոտ ու սիրո առաջարկություն անում: Շատ հաճելի էր ինձ համար, սակայն ստիպված էի մերժել առաջարկը: Դեռ իմ սիրտն ազատ է:
– Մոտ ապագայում ի՞նչ նորություններ կլինեն Ձեզանից:
– Մոտ ապագայում սպասվում է իմ նոր տեսահոլովակը, նոր ալբոմը և մի շարք անակնկալներ, որոնք շատ դուր կգան իմ երկրպագուներին: