Ալեն Սիմոնյանը հանդիպել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության մասնակիցների հետ
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության 5-րդ կլոր-սեղան քննարկումների շրջանակում հանդիպել է միջոցառման հայ և ադրբեջանցի մասնակիցներին։
Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակը։
Հանդիպման ընթացքում մասնակիցները հարցեր են ուղղել ԱԽ քարտուղարին, տեղի է ունեցել նաև մտքերի և տեսակետների փոխանակում։
Հայաստանում ընթանում է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության 5-րդ հանդիպումը։ Ընդհանուր առմամբ հանդիպմանը մասնակցում է Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների 60 ներկայացուցիչ։
Ավելի վաղ «Հայկական խորհուրդ» ՀԿ-ն հայտնել էր, որ քննարկման ընթացքում անդրադարձ կարվի 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած գագաթնաժողովի ընթացքում հաստատված խաղաղության օրակարգին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի ամրապնդման և ինստիտուցիոնալացման նախաձեռնություններին, երկու հանրությունների միջև փոխվստահության ձևավորմանն ու զարգացմանն ուղղված միջոցառումներին, Հարավային Կովկասում կայուն տնտեսական համագործակցության, առևտրի և հաղորդակցական ուղիների ձևավորման հնարավորություններին, մարդասիրական հարցերին, երիտասարդության հետ աշխատանքին և կրթությանը, ինչպես նաև երկու երկրների քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների միջև ուղիղ և երկարաժամկետ կապերի հաստատման հեռանկարներին։

