Թուրքիան ընդլայնում է երկաթուղային ցանցը
Թուրքիայի երկաթուղային ցանցի երկարությունը վերջին 25 տարում ավելացել է 30 տոկոսով՝ հասնելով 14 272 կմ-ի։ Մինչև 2030 թ. նախատեսվում է արագընթաց գնացքների ուղևորափոխադրումները հասանելի դարձնել ևս 18 քաղաքում՝ դրանց թիվը հասցնելով 32-ի։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտնել է, որ 2002 թ.-ից ի վեր երկաթուղային ենթակառուցվածքները զգալիորեն արդիականացվել և ընդլայնվել են։
Ներկայումս արագընթաց գնացքներով ուղիղ հաղորդակցություն կա Թուրքիայի 14 քաղաքների միջև։ Մինչև 2030 թ. դրանց ցանկում նախատեսվում է ընդգրկել նաև Բուրսան, Իզմիրը, Կարսը, Իգդիրը, Մալաթիան, Գազիանթեփը, Ադանան և ևս 10 քաղաք։
Ուրալօղլուի փոխանցմամբ՝ երկրում շարունակվում են 4724 կմ երկարությամբ երկաթուղային նախագծերի աշխատանքները։ Նախագծերի ամբողջական իրականացումից հետո Թուրքիայի երկաթուղային ցանցի ընդհանուր երկարությունը նախատեսվում է հասցնել 31 439 կմ-ի։

