Ծովակալ Ջիհաթ Յայջի. Կովկասը և թուրք-ադրբեջանական խզվածքը. Ինչո՞ւ հենց հիմա
Կովկասի աշխարհաքաղաքականությունը, թուրք-ադրբեջանական հարաբերությունները և Զանգեզուրի շուրջ մեծ խաղերը
Թուրք պաշտոնաթող դերծովակալ, պրոֆեսոր Ջիհաթ Յայջին հանդես է եկել Անկարայի և Բաքվի հարաբերությունների ճգնաժամի շուրջ ստեղծված իրավիճակի համակարգային վերլուծությամբ։ Նրա խոսքով՝ արտաքին ուժերը փորձում են թուլացնել Թուրքիայի և Ադրբեջանի ռազմավարական դաշինքն այն պահին, երբ տարածաշրջանը խոր վերակազմավորում է ապրում Ղարաբաղյան երկրորդ պատերազմից և Շուշիի հռչակագրից հետո։
Ինչո՞ւ հենց հիմա
Յայջին նշում է՝ Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովից և Շուշիի հռչակագրի ամրապնդումից հետո (որը փաստացի ստեղծեց «մեկ ազգ, մեկ բանակ» ձևաչափը) Կովկասում ձևավորվեցին ուժային նոր մեխանիզմներ։ Հենց այդ մեխանիզմներն են, ծովակալի գնահատմամբ, դարձել համակարգային ճնշման օբյեկտ։
Յայջիի հիմնական թեզերը.
Նկատվում են երկու եղբայրական երկրների միջև ռազմավարական կապերի նպատակային թուլացման նշաններ։
- «Կենտրոնասիական հանրակցության» նման նախաձեռնությունների ի հայտ գալը մեկնաբանվում է որպես տարածաշրջանի քաղաքական քարտեզը վերաձևելու և Թուրքիային թյուրքական տարածությունից (Թուրքեստան) դուրս մղելու փորձ՝ նրա ուշադրությունը սահմանափակելով բացառապես Մերձավոր Արևելքով։
- Դա ավելի լայն ռազմավարության մի մասն է՝ խզել Թուրքիայի դարավոր կապերը Կենտրոնական Ասիայի և Կովկասի հետ։
Զանգեզուրի միջանցքը՝ որպես գլխավոր մրցանակ
Վերլուծության մեջ կենտրոնական տեղ է զբաղեցնում Զանգեզուրի (Սյունիքի) միջանցքը։ Ծովակալ Յայջին ադրբեջանա-իսրայելական հարաբերությունների քննարկումներն ուղղակիորեն կապում է այդ երթուղին վերահսկողության տակ վերցնելու և Իրանի սահմանի երկայնքով անկայունության նոր գիծ ստեղծելու փորձերի հետ։
Տրամաբանությունն այստեղ չափազանց պրագմատիկ է.
Միջանցքը պարզապես ճանապարհ չէ Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի միջև։ Դա թյուրքական աշխարհը կապող ռազմավարական զարկերակ է, որը Թուրքիայի համար ուղիղ մուտք է բացում դեպի Կենտրոնական Ասիա և նվազեցնում տարածաշրջանի կախվածությունը Ռուսաստանից և Իրանից։
Արտաքին միջամտությունը (այդ թվում՝ TRIPP-ի նման ամերիկյան ձևաչափերի միջոցով) վտանգ է ստեղծում, որ միջանցքի վերահսկողությունը տասնամյակներով կհայտնվի երրորդ ուժի ձեռքում։
Սա փոխում է ամբողջ հավասարակշռությունը. թուրք-ադրբեջանական նախագծի փոխարեն՝ հայտնվում է դրսից կառավարվող տարանցիկ հանգույց։
Յայջին ընդգծում է՝ միջանցքի կառավարումը միջազգայնացնելու կամ արտաքին խաղացողներին փոխանցելու ցանկացած փորձ ուղղակիորեն հարվածում է՝ ինչպես Բաքվի, այնպես էլ՝ Անկարայի շահերին։
Իսրայելական գործոնն ու դիվանագիտական երկակի ստանդարտները
Ծովակալն ուշադրություն է դարձնում Իսրայելի հետ կապված ֆոնին։ Ադրբեջանա-իսրայելական կապերի քննարկումը, նրա կարծիքով, օգտագործվում է ոչ այնքան Բաքվին քննադատելու, որքան թուրք-ադրբեջանական հարաբերություններում լարվածություն ստեղծելու համար։
Միաժամանակ նա մատնանշում է Պաղեստինի ղեկավարության դիվանագիտական մանևրները հունական Կիպրոսի վարչակազմի հետ, որն Իսրայելի տարածաշրջանային առանցքային դաշնակիցներից է, և երկակի ստանդարտները Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության նկատմամբ։
Այս դրվագները, ըստ Յայջիի, ցույց են տալիս, թե ինչպես են այլընտրանքային կառույցների ստեղծման միջոցով փորձում խաթարել գոյություն ունեցող դաշինքները (առաջին հերթին՝ թուրք-ադրբեջանական)։
Ավելի լայն պատկեր՝ Կովկաս + Արևելյան Միջերկրական + Մերձավոր Արևելք
Ծովակալ Յայջին պնդում է՝ Կովկասը չի կարելի դիտարկել մեկուսացված։ Նրա խոսքով՝ տարածաշրջանային խաղերը ճիշտ կարդալ կարելի է միայն Արևելյան Միջերկրական ծովում և Մերձավոր Արևելքում իրադարձությունների զարգացման հետ համաժամանակյա։
Թուրք-ադրբեջանական միության վրա ճնշումը Եվրասիայի առանցքային տրանսպորտային և էներգետիկ միջանցքներում թուրքական ազդեցությունը սահմանափակելու ավելի լայնածավալ փորձի մի մասն է։
Գնահատում և եզրակացություններ
Ջիհաթ Յայջիի վերլուծությունն իրեն բնորոշ ոճով է՝ կոշտ աշխարհաքաղաքական տրամաբանություն, ազգային շահերի վրա շեշտադրում և սենտիմենտալությունից հրաժարում։
Նա անձամբ Ալիևին չի մեղադրում միությանը դավաճանելու մեջ։ Ավելի շուտ, նա զգուշացնում է, որ Բաքուն գտնվում է արտաքին լուրջ ճնշման տակ, և ցանկացած տատանում կամ միակողմանի քայլ կօգտագործվի հարաբերությունները վնասելու համար։
Հիմնական ռիսկերը, որոնք նա մատնանշում է.
- Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաքաղաքական ինտեգրման թուլացում։
- Զանգեզուրի միջանցքի նկատմամբ վերահսկողության կորուստ կամ էական սահմանափակում։
- Թուրքիայի դուրսմղումը Կենտրոնական Ասիայից՝ առանց Անկարայի մասնակցության այլընտրանքային ձևաչափերի ստեղծման միջոցով։
- Իսրայելական և այլ արտաքին գործոնների օգտագործումը՝ որպես ճնշման գործիք։
Երկարաժամկետ հեռանկարում Յայջիի դրույքն ակնհայտ է՝ թուրք-ադրբեջանական ռազմավարական գործընկերության պահպանումն ու խորացումը մնում է խիստ կարևոր երկու պետությունների համար։ Այս կապի ցանկացած հասարակական կամ կուլիսային թուլացում աշխատում է երրորդ ուժերի օգտին, որոնք հետաքրքրված են թյուրքական տարածքի մասնատմամբ և Կովկասի տարանցիկ զարկերակների վերահսկմամբ։
Յայջին զգուշացնում է՝ Կովկասի ներկա համատեքստում պայքար է գնում ոչ թե առանձին տարածքների, այլ առաջիկա տասնամյակների ընթացքում ողջ տարածաշրջանի ազդեցության և ճարտարապետության համար։
Պատրաստեց Ժաննա Ավետիսյանը

