«Չեմ վճարելու 150 դրամ» ակցիայի ակտիվիստներին ոստիկանություն են տեղափոխել

Քաղաքացիական ակտիվիստ Ռուզաննա Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ այսօր մեկնարկած «Չեմ վճարելու 150 դրամ» ակցիայի ժամանակ ակտիվիստներին տեղափոխել են ոստիկանության բաժանմունք` հանրային տարածքներում թռուցիկներ բաժանելու համար: «Հենց հիմա մարդիկ քաղաքում տրանսպորտի թանկացման դեմ թռուցիկներն են փակցնում՝ քաղաքացիներին կոչ անելով չվճարել ավելի հիսուն դրամ։ Ոստիկանների պարեկային ծառայությունները թռուցիկ փակցնողներից երեք հոգու՝ Դավիթ Հարությունյանին, Սոնա Մսրյանին, Արսեն Օհանյանին տարել են ոստիկանություն թռուցիկ փակցնելու համար»,- գրել էր Ռ. Գրիգորյանը: Ավելի ուշ 168.am-ի հետ զրույցում Ռ. Գրիգորյանը հայտնեց, որ տղաներին ազատ են արձակել: Ի դեպ, ակտիվիստ Թեհմինա Ենոքյան էլ գրառում է կատարել ակտիվիստների ազատ արձակմ,ան մասին. «Արսեն Օհանյանն ազատ է արձակվել: Հեռախոսազրույցում Արսենը պատմեց, որ իրեն ոստիկանությունում ներկայացրել են հետևյալ հիմնավորումները, թե իբր Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ ոմն քաղաքացի մեկ այլ քաղաքացու տան դռանը թռուցիկ է կպցրել և ինքը դիմել է ոստիկանություն, որ իրեն անհանգստացնում են: Արսեն Օհանյանը ազատ է, թռուցիկները առգրավված են՝ ընդհանուր գործի մաս է կազմելու հիմնավորումով»:

Տեսանյութեր

Լրահոս